Գիտնականները պարզել են, որ գայլերն ավելի հոգատար են, քան շները


05:06 , 3 մայիս, 2019

Ավստրիացի գիտնականները մի քանի ուսումնասիրություններից հետո եկել են եզրակացության, որ գայլերն իրենց խմբի անդամների հանդեպ ավելի հոգատար են, քան շները։ Մասնագետները կարծում են, որ շների հոգատար լինելու մասին խոսակցություններն իրականում կարող են մոլորություն լինել։

Երկու տարի առաջ Ռեյչել Դեյելը՝ Վիեննայի համալսարանից, և նրա մի քանի կոլեգաներ իրականացրել էին հետազոտություններ, որոնք ցույց էին տվել, որ որսի ժամանակ գայլերն իրենց նմանակների հետ ավելի շատ են շփվում, քան շները։ Հետագայում այս եզրակացություննեը ենթարկվեցին քննադատության և գիտնականներն ավելի բարդեցրին իրենց հետազոտությունը։ Նրանք գայլերին և շներին նստեցրին տարբեր վանդակների մեջ։ Վանդակներից մեկի մեջ կերակրաման էր տեղադրված, իսկ մյուսի մեջ պլանշետ՝ տարբեր նկարներով։

Երկրորդ վանդակում գտնվող կենդանին քթով նկարներից որևէ մեկին հպվելու հնարավորություն ուներ։ Եթե շունը կամ գայլն ընտրում էին ճիշտ նկար, ապա հարևան վանդակում գտնվող կենդանին սննդի չափաքանակ էր ստանում։ Միևնույն ժամանակ նկար ընտրող կենդանիները ոչինչ չէին ստանում։

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ գայլերն ավելի հաճախ են նկարներ ընտրել, որպեսզի կերակրեն իրենց «հարևանին», որը եղել է իրենց խմբի անդամ։ Իսկ եթե «հարևանը» այլ խմբից է եղել, նրանք ոչինչ էլ չեն արել։

Շները, միևնույն ժամանակ, անկախ այն բանից՝ «հարևանը» ծանոթ է, թե անծանոթ, նույն հաճախականությամբ էին ընտրում նկարները։

Կենդանաբանները կարծում են, որ գայլերը նույնպես շփվող են, ինչպես և շները։ Բացի այդ՝ պարզվել է, որ ժամանակակից շների նախնիներն ի սկզբանե հարմարված են եղել մարդկանց և տնային կենդանի դառնալու գործընթացը ոչ մի ազդեցություն չի ունեցել նրանց վրա։