Պորտուգալիան մտադիր է 2020թ.-ից հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից
12:45 , 2 մայիս, 2019
2020 թվականի հունիսից Պորտուգալիայի խանութները կպարտավորվեն հրաժարվել մրգերի, բանջարեղենի և հացի համար պոլիէթիլենային տոպրակներից և այլընտրանքային միջոց գտնել: Ինչպես գրում է euro-pulse.ru կայքը, համապատասխան օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել Կանաչների կուսակցության կողմից և ընդունվել առաջին ընթերցմամբ:
Օրենքը կպարտավորեցնի երկրի բոլոր խանութներին պլաստիկը և պոլիէթիլենը փոխարինել էկոլոգիական այլընտրանքով, որը վերամշակման ենթակա կլինի:
Նշենք, որ վերջերս Նիդեռլանդներում բացվել է ապրանքների պոլիէթիլենային փաթեթավորումը վերամշակող գործարան, որը, սակայն, Եվրոպայում դեռևս միակն է:
Հիշեցնենք, որ Եվրամիությունում ակտիվ պայքար է ընթանում պլաստիկի դեմ: 2021թ.-ից ԵՄ-ն կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստմասսայե մի քանի ապրանքներ: Արգելքը կվերաբերի մեկանգամյա օգտագործման ամանեղենին, խմիչքների համար նախատեսված ձողիկներին, մեկանգամյա օգտագործման շշերին և այլն: Բացի այդ, մինչև 2030թ.-ը Եվրամիությունում կվերամշակվի պլաստմասսայե արտադրանքների 50%-ից ավելին: