Բացառվում է, որ Կարեն Միրզոյանն Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում, չի կարող լինել Արցախի վերադարձ հակամարտող երկրի կազմ. Դավիթ Բաբայան (տեսանյութ)


14:23 , 20 հունիս, 2013

Հունիսի 13-ին «France 24» հեռուստաընկերության անգլալեզու «Հարցազրույց» հաղորդման եթերում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ի պատասխան հաղորդավար Դուգլաս Հերբերտի հարցի` Լեռնային Ղարաբաղը ևս մեկ անգամ կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, կա՞ նման հեռանկար, նախարարը պատասխանեց. «Այո՛, կա՛ հեռանկար, կա՛ հույս»:Այնուհետ այս ֆոնին Կարեն Միրզոյանը խոսեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին և ապակառուցողական քաղաքականության: Արցախի արտգործնախարարի այս հայտարարությունն Երևանում և անգամ Արցախում բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել: Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը HayNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարեն Միրզոյանը հանդիպել է Բակո Սահակյանին հարցազրույցից հետո` շեշտելով, որ Արցախի ԱԳ նախարարն անգամ, որպես շարքային քաղաքացի, նման կերպ չի մտածում. «Կարեն Միրզոյանին ես ճանաչում եմ և կարող եմ ասել` նա այդպիսի դիրքորոշում չունի: Նա առաջին հերթին հայ մարդ է, հետո Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար, ո՞նց եք պատկերացնում, որ նա Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում: Բացառվում է սա, ինչպես նաև Արցախի վերադարձը հակամարտող երկրի կազմ: Խնդիրը սրանում է` սա ԱԳ նախարարի առաջին նման կարևորության և այն էլ անգլալեզու հարցազրույցն էր, բնական է` գերլարված էր, անգլերենի իմացության հետ կապված որոշ խնդիրներ կային: Նա ցանկացել է այլ հարցի պատասխան տալ` կապված հակամարտության կարգավորման հետ»: Հակադարձմանը` չե՞ք կարծում, որ Արցախի արտաքին գերատեսչությունը պետք է հայտարարությամբ հանդես գա, սպասե՞նք նման քայլի, Դավիթ Բաբայանն ասաց` դեռ կտեսնենք:Փոխարենը ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում պնդեց. «Դատապարտում եմ, գուցե լեզվի, մտքի սայթաքում է: Ես իրեն ճանաչում եմ, ուստի կարծում եմ՝ կամ ինքը պետք է հայտարարությամբ հանդես գա, կամ Արցախի արտգործնախարարությունը»:Ավելի ուշ Արցախի արտաքին գերատեսչությունից չբացառեցին պաշտոնական հայտարարություն տարածելու փաստը: