Տղամարդը, հոգնելով իշխանություններին սպասելուց, միայնակ 1,5 կմ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ է բացել. տեսեք արդյունքը (Video)


13:50 , 30 ապրիլ, 2019
Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին իր համագյուղացիների համար 6 օրվա ընթացքում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել։

Բանն այն է, որ գյուղի բնակիչները մոտակա առևտրի կենտրոն հասնելու համար անցնելիս են եղել մասնավոր սեփականության տարածքով, որը հետագայում ցանկապատվել է, և այժմ մարդիկ ստիպված 4 կմ ճանապարհ են կտրում առևտրի կենտրոն հասնելու համար:

Գյուղի բնակիչները միջգյուղական ճանապարհի կառուցման խնդրանքով բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, որոնք խոստացել են ավելի կարճ ճանապարհ կառուցել, սակայն անընդհատ ձգձգել են այդ գործը:

Օրերս Մուչամին, որը գիշերային պահակ է աշխատում, իսկ ցերեկը տարաբնույթ աշխատանքներ է կատարում, որոշել է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Օրական 9 ժամ աշխատելով՝ նա 6 օրվա ընթացքում 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած գյուղատնտեսական գործիքները:  

«Ես տեղի իշխանություններին ահազանգել էի ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին, բայց ամեն ինչ իզուր անցավ, և որոշեցի հանուն գյուղի կանանց և երեխաների ինքս որևէ բան անել»,- ասել է տղամարդը:

Տղամարդու խոսքով՝ անցորդները հարցրել են իրեն, թե արդյոք ինքը որևէ մեկի կողմից վճարվում է, սակայն ոչ ոք չի առաջարկել միանալ նախաձեռնությանը:  

Չնայած աշխատանքի ավարտին դեռ 500 մետր է մնացել, տղամարդը հասցրել է հայտնի դառնալ համացանցում: Սոցկայքերի օգտատերերը Նիկոլասին հերոս են անվանել և գովեստի խոսքեր հնչեցրել նրա հասցեին: