Ինչո՞ւ է մարդը գիրանում սթրեսային վիճակում


23:00 , 29 ապրիլ, 2019

Հարվանի բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների խոսքերով՝ սթրեսի վիճակում մարդկանց մեծամասնության շրջանում ցանկություն է առաջանում շաքարով և ճարպերով հարուստ, բարձր կալորիականությամբ սնունդ ուտելու: Նման սննդի շարունակական օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման: Սակայն եթե մարդը գտնվում է սթրեսի վիճակում, դա տեղի է ունենում կրկնակի արագությամբ:

Գիտնականներն ուսումնասիրել են մկների ուղեղի տարբեր հատվածները, որոնց կերակրում էին բարձր կալորիականությամբ սննդով: Սննդի օգտագործումը հիմնականում վերահսկում էր հիպոթալամուսը, իսկ հուզական արձագանքը, այդ թվում՝ տագնապը, վերլուծում էր նշագեղձը: Գիտնականների ուշադրությունը գրավել էր նաև Y նեյրոպեպտիդը, որը նվազեցնում էր ջերմություն արտադրելու գործընթացում էներգիան այրելու ունակությունը:

Ուղեղը (նեյրոնները նշագեղձում) արտադրում է Y նեյրոպեպտիդ՝ ի պատասխան սթրեսի: Այդ բջիջներն ունեն ինսուլինի ռեցեպտորներ՝ հորմոն, որը վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Նորմայում ինսուլինն արտադրվում է սննդից հետո և օգնում է բջիջներին կլանել գլյուկոզան: Այն նաև ուղարկում է ազդակներ դեպի հիպոթալամուս՝ սնունդը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Սթրեսն ինքնին ունակ է բարձրացնելու արյան մեջ ինսուլինի մակարդակը: Իսկ բարձր կալորիականությամբ սննդի հետ մեկտեղ կենդանիների մոտ ինսուլինի ցուցանիշները տասն անգամ ավելի բարձր էին, քան այն կրծողների մոտ, որոնք ընդունում էին նորմալ սնունդ և սթրեսի ենթարկված չէին: