«Արտահանումն ու քաղաքական շիզոֆրենիան». Անդրանիկ Թևանյան


14:57 , 28 ապրիլ, 2019

Հետտոնական տրամադրություններդ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) ներկայացրած տվյալներով կտրեմ։

Հայաստանը շարունակում է նախորդ տարվանից «թրենդային» դարձած գիծը պահել։ Մենք շարունակում ենք արտաքին շուկաներում պարտություն կրել։

Ըստ ԱՎԿ–ի՝ այս տարվա 1–ին եռամսյակում նախորդ տարվա հունվար–մարտի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը դոլարային հաշվարկով պակասել է 5 տոկոսով։ Կրճատվել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։

Մտահոգիչն արտահանմանն է վերաբերում։ Արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանման ծավալները 2019–ի առաջին եռամսյակում 2018–ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են 8,6 տոկոսով։

Արտահանման կրճատումն ու արտաքին շուկաների կորուստը նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության բրենդն է դառնում։

Հիշեցնեմ, որ նախորդ տարին արտահանման աճի (7,8 %) տեմպով 2017–ի համեմատ (25,2 %) ավելի քան 3 անգամ պակաս ցուցանիշ արձանագրեց։ Հետագայում արդեն արտահանման նվազումը դարձավ խրոնիկ։ 2019–ի համեմատականները 2018–ի հետ վատ են բոլոր ամիսների համար։

Այսպես, 2019–ի հունվարը 2018–ի հունվարի համեմատ արտահանումը նվազել է երկնիշ՝ 16,3 տոկոսով։ 2019–ի փետրվարին 2018–ի փետրվարի համեմատ ՀՀ–ն արտահանել է 8,5 տոկոսով պակաս։ Իսկ այս տարվա մարտ ամսին մենք ունենք անցած տարվա մարտի համեմատ արտահանման 2,5 տոկոս նվազեցում։ Ստացվում է, որ հետիշխանափոխական / հետհեղափոխական ժամանակահատվածն արտահանման առումով պաշտոնապես բացասական արդյունք է արձանագրել։

Ինչո՞ւ եմ հատկապես արտահանման ցուցանիշների վրա հրավիրում բոլորիս ուշադրությունը։ Պատճառը շատ պարզ է։ Հայաստանը որպես փոքր ու բաց տնտեսություն ունի զարգացման և սեփական անվտանգությունն ապահովելու մեկ տարբերակ՝ ներմուծման փոխարինում բոլոր այն դեպքերում, երբ դա ողջամիտ է ու հնարավոր, ինչպես նաև արտահանմանն ուղղված քաղաքականություն։

Եթե մենք անգամ քիչ թե շատ նվաճված արտաքին շուկաներն ենք կորցնում, ապա սա ուղղակի սպառնալիք է ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, բիզնես դաշտին ու մեր երկրի անվտանգությանը։

Մենք պետք է արտահանման ամեն մի շուկայի վրա դողանք և ամեն ինչ անենք, որ մեր երկրից ապրանքներ ու ծառայություններ արտահանվեն, այլ ոչ թե արձանագրվի կապիտալի փախուստ, այն էլ՝ քաղաքական շիզոֆրենիայի պատճառով։