3 բան, որ երեխան իմանում է դեռևս մոր արգանդում գտնվելիս


13:53 , 26 ապրիլ, 2019

Պարզվում է՝ երեխաները որոշ բաների հանդեպ ճանաչողություն են ձևավորում դեռևս մոր արգանդում գտնվելիս:

1. Համային զգացողություններ

Արդյոք հնարավո՞ր է ինչ-որ ուտեստի համ սիրել մինչև լույս աշխարհ գալը: Այս հարցը հետաքրքրել է Բելֆաստի Թագավորական համալսարանի դասախոս Փիթեր Հեփփերին:

Իր կոլեգաների հետ նա մի հետազոտություն իրականացրեց, որի շրջանակներում հետազոտվել են 33 երեխաներ: Այդ երեխաների մայրերը բաժանված էին երկու խմբի. մի մասը հղիության վերջին ամիսներին հաճախ էր սխտոր ուտում, մյուս մասն ընդհանրապես չէր ուտում: Ի դեպ, սխտորի ընտրությունը պատահական չէր: Բանն այն է, որ սխտորի հյութն այն օգտագործելուց հետո մի քանի ժամ պահպանվում է օրգանիզմում: Իսկ երեխան կարող է զգալ համը՝ կուլ տալով ամնիոտիկ հեղուկ: Սա, որպես կանոն, տեղի է ունենում ձևավորման 10-րդ շաբաթվանից սկսած: Բացի այդ՝ համային զգացողությունը փոխանցվում է արյան միջոցով մորից երեխային՝ շրջանցելով մարսողական համակարգը:

Պարզվում է՝ այն երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում հաճախ էին սխտորով ուտեստներ ուտում, հաճույքով սխտորային ուտեստներ էին ուտում անգամ արդեն 8-9 տարեկանում:

Երեխայի համային ճաշակի ձևավորման վրա ազդում են նաև ոչ այդքան սուր համ ունեցող ուտելիքները, օրինակ՝ գազարը: Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվեց, որ այն երեխաները, որոնց մայրերը հղիության վերջին ամիսներին գազարի հյութ էին օգտագործում, ծնվելուց հետո մեծ հաճույքով էին գազարի հյութ խմում, քան նրանք, ում մայրերը բացառապես ջուր էին ըմպել:

«Երբ երեխային կրծքին մոտ են բերում, նա զգում է այն համը, որը զգացել է հղիություն վերջին 30 շաբաթների ընթացքում,- ասում է Հեփփերը,- և եթե նա նույն համը չզգա, կարող են խնդիրներ առաջանալ»: Այսպես է աշխատում ծնողին ճանաչելու մեխանիզմը:

2. Ձայներ լսել

Ֆինն գիտնականների կոլեկտիվը մի հետազոտություն իրականացրեց, որի շրջանակներում հղի կանանց մի խումբը հղիության վերջին ամիսներին ամեն օր լսում էր Twinkle, Twinkle, Little Star օրորոցայինը, իսկ մյուսը՝ ոչ:

Հելսինկիի համալսարանի դասախոս Միննա Հուոտիլայնենը, որը ղեկավարում էր հետազոտության ընթացքը, ասում է. «Էքսպերիմենտի ընթացքում երեխաները քնած էին։ Որպեսզի որոշեինք երեխայի ռեակցիան, մենք օգտագործում էինք էնցեֆալոգրամմա, այսինքն՝ գրանցում էինք անընդհատ ազդանշաններ, որոնք գալիս էին ուղեղի տարբեր հատվածներից»:

Այն երեխաների ուղեղը, որոնց մայրերը հղիության ընթացքում լսել էին երաժշտությունը, ավելի ակտիվ ազդանշաններ էին ուղարկում: Ավելին՝ այս երեխաները արձագանքում էին, երբ երաժշտությունը սխալներով կամ շեղումներով էր լինում, մինչդեռ այն երեխաները, ում մայրերը չէին լսել այս երաժշտությունը, դրան չէին արձագանքում: Այստեղից եզրակացություն. երեխաները սովորել և մտապահել էին երաժշտությունը դեռևս մոր արգանդում գտնվելիս:

3. Ճանաչել խոսքը

Նյույորքյան համալսարանի հոգեբան Ատենա Վուլումանոսը համեմատել է երեխաների արձագանքը մարդկային խոսքին և այլ ձայներին:

Ավելին՝ նորածինները ճանաչում են մայրենի լեզուն և մեծ հաճույքով լսում են այն: «Անգլախոս ընտանիքների երեխաները ավելի ակտիվորեն էին ծծում ծծակը, երբ հնչում էր անգլերեն խոսք, միչդեռ ֆրանկոֆոն ընտանիքների երեխաները ակտիվորեն էին արձագանքում ֆրանսերեն լեզվին»,- ասում է Վուլումանոսը:
Բացի այդ՝ պարզվեց, որ երեխաները մայրենի լեզուն ճանաչում են ոչ միայն մոր շուրթերից, այլև երբ անծանոթներն են խոսում: