24-ամյա ամերիկացին վիճակախաղով մոտ 770 մլն դոլար է շահել


04:48 , 26 ապրիլ, 2019

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ Մանուել Ֆրանկոն վիճակախաղով երկրի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթերից մեկի շահողն է դարձել, գրում է The Epoch Times-ը:

Ընդհանուր շահումը 768 մլն դոլար է կազմել, որը, կանոնների համաձայն, տղամարդը կարող է ստանալ մաս-մաս 29 տարվա ընթացքում, սակայն վերջինս որոշել է հանուն գումարի մի մասը միանգամից ստանալու հնարավորության զոհաբերել մյուս մասը:

Արդյունքում 24-ամյա Ֆրանկոն 477 մլն դոլար է ստացել, ընդ որում՝ պարտավորվել է 114,5 մլն դոլարի չափով դաշնային հարկ մուծել:

«Ինձ թվում է՝ սա երազ է, և ամեն վայրկյան կարող եմ արթնանալ: Հավատս չի գալիս, որ ինձ նման հասարակ մարդու հետ կարող էր նման բան պատահել: Քանի որ բախտը ժպտացել է ինձ, այլևս վիճակախաղ չեմ խաղա, սակայն պետք է ասեմ, որ հանուն սեփական կյանքն ընդմիշտ փոխելու արժե 2 դոլար վճարել: Իմ կյանքը հաստատապես փոխվել է, և ես հույսով լի եմ նայում դեպի ապագա»,- ասել է վիճակախաղի երջանիկ հաղթողը: