Քաղաքագետ. Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ամենահաջողն է


09:25 , 20 հունիս, 2013


ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունում կար երանգների փոփոխություն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Կառանձնացնեմ հատկապես մի քանի կետ, որոնց դեպքում այդ փոփոխություններն ակնհայտ են: Օրինակ` ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ Մինսկի խումբն այս հայտարարությունում հատկապես ընդգծում է, որ հակամարտող կողմերի հասարակությունները պետք է պատրաստել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության: Կարծում եմ՝ ակնհայտ է նաև, թե որ կողմին է ուղղված այս նախադասությունը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետն առանձնացրեց նաև հայտարարության հետևյալ դրույթը` կողմերը պիտի արագացնեն հիմնարար սկզբունքների ընդունումն, ընդ որում, այդ սկզբունքները պիտի ընդունվեն մեկ ամբողջական փաթեթով և ոչ մի սկզբունք չպիտի ունենա գերակայություն. «Այստեղ նույնպես կա մեսիջ, ուղղված Ադրբեջանին: Այս կողմն է, որ ձգձգում է հիմնարար սկզբունքների ընդունումը ու միշտ փորձում է հենվել միայն մեկ` տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքի վրա»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետն ընդգծեց նաև այն, որ թե՛ Հայաստանից, թե՛ Լեռնային Ղարաբաղից միանգամից արձագանքեցին տվյալ հայտարարությանը, մինչդեռ ադրբեջանական հայտարարությունը ոչ միայն ուշացավ, այլև` եղավ բավականին կարճ`
«այս հայտարարության մեջ Ադրբեջանի տեսակետները հաշվի են առնվել» տեսքով:

«Ընդհանուր առմամբ, այս վերջին հայտարարությունով ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս մեկ անգամ շեշտում է, որ այս կառույցի ֆորմատն ու գործունեությունը հնարավոր չէ փոփոխել»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն Aysor.am- ի հետ զրույցում նշեց. «Վերջին հայտարարության նման հաջող հայտարարություն, կարելի է ասել, նախկինում չի եղել»:

Մելիք-Շահնազարյանն առանձնացրեց հատկապես այն, որ առաջին անգամ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները նշելիս` առանձնացվել է իրավահավասարության սկզբունքն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը.

«Բանն այն է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին խոսվում էր, իսկ իրավահավասարության սկզբունքի մասին` ոչ»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև հայտարարությանը հաջորդած՝ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին.
«Առաջին հայացքից այն բավականին մեղմ է: Մեղմ է ընտրված նաև դրա վերնագիրը, որում նշվում է` Մինսկի խումբը հաշվի է առել Ադրբեջանի տեսակետները: Մինչդեռ բուն տեքստում տեղ է գտել Մինսկի խմբի գործունեության քննադատություն, որն ուղղակի կոծկվել է առաջին հայացքի համար»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը: 

Նախորդող հրապարակում` «ՀՀ-ն ԼՂ հարցում վերահաստատում է ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառությունը»: