Անգաղափար արժեհամակարգ կամ կաղապարներ առանց գաղափարների


00:11 , 20 հունիս, 2013

Հետընտրական ելույթներից մեկի ժամանակ ՀՀ նախագահն անդրադարձավ երկրում տիրող գաղջ մթնոլորտին: Թերևս նա իրավացի էր` հանրապետությունում տիրող իրավիճակը դրանով բացատրելու հարցում: Սակայն գաղջ մթնոլորտն ամենևին էլ «բոլորի ցավերի պատճառը» չէ, այլ ընդամենը վիճակ է, որում, ինչպես բացիլածին միջավայրում, մանրէների պես գլուխ են բարձրացնում հասարակական շատ հիվանդություններ: Խորհրդային շրջանի փուլերից մեկը որակում էին «լճացում» բառով: Այսօրվա գաղջ մթնոլորտն էլ գաղափարական, արժեհամակարգային լճացման արդյունքն է կամ դրսևորումը: Տպավորություն է, թե ապրում ես ճառասացների ու թամադաների հասարակությունում, ուր իշխողը նույնիսկ Խոսքը չէ, այլ` բառերը: Ոչինչ չասող ու ոչնչի չպարտավորեցնող բառերը: Բառեր, որ օտարվել են ամեն ինչից` իրենց բովանդակությունից, գաղափարներից ու արժեքներից, իրենց արտաբերողից ու հասցեատիրոջից: Անհասցե ուղերձների տեսքով երբեմն ականջիդ են բախվում ազգային գաղափարախոսություն, ազգային արժեհամակարգ ու ազգային պետություն ունենալու մասին վախվորած խորհրդածություններ` համեմված եվրոպական արժեքներին համապատասխան քաղաքացիական հասարակություն ունենալու երազանքներով: Իսկ ի՞նչ հասարակությունում ենք ապրում մենք այսօր, ի՞նչ սերունդ ենք մեծացնում: Եվ, վերջապես, ի՞նչ հասարակություն և ի՞նչ սերունդ ենք ուզում ունենալ: Եվրոինտեգրումը հրաշալի բառ է գրանտներ ու արտոնյալ վարկեր ստանալու համար: Ոչ ոք չի վիճարկում վերջիններիս կարևորությունը մեր երկրում: Այս տարիների ընթացքում դրանց միջոցով քիչ կենսական կարևոր հարցեր չեն լուծվել Հայաստանում` սկսած սոցիալական, տնտեսական ոլորտներից, վերջացրած կրթության, գյուղատնտեսության ու առողջապահության բնագավառներով: Սակայն ինչպես հիվանդ օրգանիզմն են բուժում զգուշությամբ ու մասնագիտական պատրաստվածություն ունենալով, նույն կերպ էլ պետք է մոտենալ հիվանդ հասարակությանը: Իհարկե, այն, որ մեր հասարակությունն այսօր հիվանդ է, թերևս կասկածի տեղիք չի տալիս: Հիվանդին բուժելիս դրական արդյունքի հասնելու համար ոչ ոք չի օգտվում կասկածելի ծագում ունեցող դեղորայքից: Ընդհակառակը, նախ և առաջ ծանոթանում ենք բժշկի ցուցումներին, հետո ստուգում, թե արդյոք նման միջոցը հակացուցումներ չունի տվյալ օրգանիզմի համար: Իսկ ինչո՞վ են բուժում հիվանդացած հասարակությանը: Ի թիվս այլոց` նաև գաղափարներով ու արժեքներով: Դեղահաբի գործուն բաղադրիչը հիմնականում նրա միջուկում է, այլ ոչ թե պատող թաղանթում: Նույնն էլ նաև տարբեր տեսակի միջազգային ընկերություններն իրենց «բարձր, վերմարդկային» արժեքներով: Կա «դեղի սահմանված չափաբաժին» հասկացությունը: Մենք անցել ենք այդ բոլոր սահմանված չափաբաժինները: Խոսքի, հավատքի, անձնական կյանքի և այլ ազատությունների ու իրավունքների ետևից ընկնելով` մոռացության ենք թողել ազգային դիմագիծը պահելու, ազգային պետականություն ունենալու, պետական ու ազգային արժանապատվությունը չկորցնելու իրավունքը: Ո՞վ ասաց, որ մեր դարավոր մշակույթը, համաշխարհային պատմության, հատկապես` քրիստոնյա աշխարհի պատմության մեջ մեր դերը գնահատելու ու արժևորելու համար այդ նույն աշխարհն սպասում է, որ մենք ընդունենք ու պահպանենք իրենց կողմից արհամարհված ու հաճախ նույնիսկ` վտարված կրոնական, սեռական և այլ փոքրամասնությունների շահերն ու իրավունքները: Այսինքն` եթե ես չեմ ուզում, որ իմ քաղաքի սակավաթիվ կանաչ գոտիներից մեկը, իմ երեխաների ու իմ ծնողների հանգստավայր Կոմայգին վերածվի համասեռամոլների խրախճավայրի, ապա Եվրոպան չի ընդունելու ու չի հարգելու Նարեկացու գրչի ուժը, Տիգրանի ու Վարդանի բազկի զորությունը, Կոմիտասի դուդուկի ու Այվազովսկու վրձնի մոգական ազդեցությունը: Մի՞թե պետք է մեկ զույգ օգտագործված կոշիկով հավատքս ուրանամ, որ աշխարհն ընդունի, որ ես այն ազգի ներկայացուցիչն եմ, ում զավակները տարբեր համերգային ու մարզական դահլիճներում թնդեցնում են հայոց հիմնն ու բարձրացնում հայկական դրոշը: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է Եվրոպայի ու աշխարհի հետ նման պայմանագիր կնքել: Կամ էլ ո՞վ ասաց, որ համաշխարհային քաղաքակրթությունն իր ողջ պատմության ընթացքում ավելի մեծ արժեքներ չի ստեղծել, քան տոտալիտար, ազգակործան աղանդներն ու համասեռամոլներն են: Միայն թե չշտապենք աշխարհին մեղադրել, որ գնալով դառնում ենք նրա գաղափարա-արժեքային աղբանոցներից մեկը: Երբևէ տեսե՞լ եք, որ որևիցե մեկը, եթե նա քաղաքակիրթ, նորմալ անձնավորություն է, և ոչ թե վանդալ, աղտոտի ու ապականի բարեկարգված պուրակը կամ հաճելի ու ճաշակով կահավորված շինությունը, կամ էլ խզբզի ու ցածրաճաշակ տողերով լցնի հանճարեղ և շքեղ տպված որևէ ստեղծագործության էջերը: Պետք չէ մոլախոտին մեղադրել, թե նա լցրել է քո` մինչ այդ անմշակ ու պարապ հողը: Լավ այգեպանը երբեք մոլախոտի հետ երկարատև պայքարի խնդիր չի ունենում: Նրա այգու ամեն թիզ հողն արդեն զբաղված է: Ամենից հեշտն արտաքին ագրեսիայից բողոքելն է: Հասարակությունը, հատկապես` երիտասարդությունը, կարիք ունի արժեքների ու գաղափարների, կարիք ունի ուղենիշերի, առանց որոնց հեշտ է մոլորվելը: Եթե դու չես տալիս դրանք, ապա տալիս են ուրիշները: Նույնն է, երբ ծնողները չեն զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու կրթությամբ, կամ պատշաճ ուշադրություն չեն դարձնում նրա շրջապատին, հետո էլ մեղադրում են նույն շրջապատին ու փողոցին` երեխայի ու իրենց բոլոր փորձանքների համար: Թերևս ամենից կարևոր դերակատարումներից մեկն այստեղ նաև մամուլինն ու եթերինն է: Ե՞րբ ենք դադարեցնելու հրամցնել ժողովրդին ինչ պատահի` պատճառաբանելով, թե լսարանը դա թէ պահանջում: Իրեն հարգող հեռուստա և ռադիոընկերությունը, ինչպես նաև` թերթերն ու ամսագրերն իրենք են կրթում իրենց լսարանը: Կրթում են` առանց պարտադրելու, գրագետ: Դժգոհում ենք օրինակ, որ Սուրբ Սարգսի տոնը թողած` Սուրբ Վալենտինի օրն են նշում: Իսկ քանի՞ գեղարվեստական, փաստագրական ֆիլմ կա Սուրբ Սարգսի տոնի, դրա խորհրդի, Սարգսի կերպարի, կամ ընդհանրապես այդ օրվա մասին: Մի՞թե հնարավոր չէ սցենարի կենտրոնում թեկուզ մտացածին մի պատմություն դնել այդ օրը նշող երիտասարդ զույգի մասին: Կամ քանի՞սն են հիմա լրիվ գիտակցում ՀՀ տարածքում նշվող պետական, ազգային, կրոնական տոների ու հիշատակի օրերի խորհուրդը: Ունենք պետական խորհրդանիշերի օր, բայց դրա կողքին ունենք տարբեր հիմնարկությունների ճակատին տխուր կախված, ճմրթված, գունաթափ դրոշներ, որոնք 90-ականներից հետո երևի չեն էլ փոխվել կամ թարմացվել: Տարբեր հիշարժան առիթներով ունենք ոչ աշխատանքային օրեր, բայց ինչո՞վ են տարբերվում դրանք սովորական հանգստյան օրերից: Թող չհնչի որպես Խորհրդային տարիների գովք (չնայած, անկեղծ ասած` գովելի բաներ քիչ չկային), բայց այն տարիներին տոն օրերին նույնիսկ օդն էր տոնական: Իսկ հի՞մա: Ոչ մի տոն չունի իր խորհուրդը: Նույնիսկ հեռուստաեթերից չես զգա, թե ինչ տոն է այսօր: Ասես ամենամեծ հանցագործությունը դիտվող ժամերին սերիալներից բացի որևէ այլ հաղորդում կամ ֆիլմ ցուցադրելն է: Սերիալներն էլ են պետք, բայց մի՞թե չի կարելի դրանց սյուժեն հյուսել մեր պատմության որևէ դրվագի, մեր մեծերից որևէ կենսագրության կամ կերպարի շուրջ: Եթե խոսում ենք բոլորի իրավունքների մասին, ապա ուզում եմ, որ պաշտպանված լինի նաև իմ ու իմ ընտանիքի, ընկերներիս իրավունքը հայրենական և օտարերկրյա արտադրության որակյալ գիտահանրամատչելի ֆիլմեր ու ճանաչողական հաղորդումներ, բարձրաճաշակ երաժշտություն և կինո, մանկական հաղորդումներ դիտելու իրավունքը: Այն, որ զարմանալիորեն շուտ համակերպվեցինք այն փաստի հետ, որ մեզ ոչ ոք չի պաշտպանելու կրոնական և այլ խտրականության, հոմոֆոբիայի մեջ մեղադրվելուց և այդ փոքրամասնությունների աճող ագրեսիայից, արդեն փաստ է: Հարցը նրանումն է, թե որքան ենք առաջ գնալու մեր անինքնավստահության մեջ: Ողջ աշխարհը քանի դար է հոտնկայս ծափահարում ու գլուխ է խոնարհում հայ հանճարի, հայ մտքի թռիչքի առաջ, իսկ մենք ամեն ինչ անում ենք համառորեն մեզ ու ողջ աշխարհին համոզելու համար, որ մենք ոչինչ չունենք դիմացինին տալու, ու մեր հետագա գոյությունը պահելու համար պետք է երախտագիտությամբ գոհանանք համաշխարհային քաղաքակրթության գաղափարա-արժեքային համակարգի թերմացքներով: Սեփական հերոսներին թողած` երազում ենք նմանվել օտար հերոսներին: Մեր ապագա սերունդների գաղափարազրկված արժեհամակարգը պետք է վերալիցքավորել Դավիթ Բեկերով ու Անդրանիկներով, Փառանձեմներով ու Այծեմնիկներով, Լուսինե Զաքարյանով ու Գոհար Գասպարյանով, այլ ոչ թե ամեն տեսակի մարդ-սարդերով, մարդ-չղջիկներով, վինքսերով ու այլ «հերոսներով»: Զարգացած ու քաղաքակիրթ լինելու, համաշխարհային արժեքներին հաղորդակից լինելու համար անհարժեշտ է Նարեկացու ու Քուչակի, Սևակի ու Սահյանի հետ միասին կարդալ Շեքսպիր ու Շիլլեր, Ռեմարկ ու Մարկես, Խաչատրյանի ու Կոմիտասի գործերից հետո վայելել Վերդու և Պուչինիի գլուխգործոցները, Այվազովսկու ու Բաշինջաղյանի կտավներից հետո հիանալ Ռեմբրանդի ու Դալիի նկարներով, այլ ոչ թե հպարտանալ, որ երեխադ անգիր մեջբերում է կարգին ու կիսակարգին սերիալների` գեղարվեստական մտքի աննախադեպ թռիչք հանդիսացող գոհարները և Կոմայգու «հերոսներին» ավելի է ճանաչում, քան Սարդարապատի ու Արցախյան հերոսամարտի քաջերին: