5 ֆիլմային միֆեր, որոնց հետևելով կարող եք մահանալ


02:10 , 25 ապրիլ, 2019

Կարելի է մեկ ամբողջական հանրագիտարան կազմել այն մասին, թե ինչպես են ֆիլմերի հերոսները գոյատևել էքստրեմալ պայմաններում՝ սկսած Ռոբինզոն Կրուզոյից, վերջացրած Ռեմբոյով։ Սակայն ֆիլմերում կիրառվող հնարքների քանի՞ տոկոսն է կարելի կիրառել իրական կյանքում։

Ձեզ ենք ներկայացնում գոյատևելու մի քանի հնարքներ, որոնք աշխատում են միայն ֆիլմերում։

Քարանձավը շատ հարմար վայր է կրակ անելու համար

Թվում է, թե սա անվտանգ է և անգամ ռոմանտիկ, սակայն․․․ Կրակը և ջերմությունը տաքացնում են քարերը, որոնք բարձր ջերմաստիճանի պատճառով ընդարձակվում են։ Իսկ սա կարող է քարանձավի քանդվելու պատճառ դառնալ։ Կրակը պետք է անել դրսում։

Նոր բռնած ձուկը կարելի է ուտել նաև հում վիճակում

Այսինքն՝ ցանկանում եք, որ բոլոր խնդիրներին գումարվի նաև մանրէների ազդեցության հետևանքով առաջացած աղիքային հիվանդությո՞ւնը։ Եվ սա դեղատուփի և շտապ բուժօգնության բացակայության պայմաններում։ Ռիսկի մի դիմեք, ձուկը պատրաստեք կրակի վրա։

Եռացրած ջուրը 100%-ով անվտանգ է առողջության համար

Ջուրը եռացնելով սպանում եք մանրէներին և բակտերիաներին, սակայն վնասակար տարրերից այն չեք մաքրում։ Օրինակ՝ անկախ այն բանից, թե որքան երկար եք եռացնում պղտոր ջուրը, միևնույն է, այն խմելը վտանգավոր է, այդ պատճառով եռացնելուց առաջ մաքուր կտորի օգնությամբ զտեք ջուրը, թողեք՝ հանգստանա և նոր եռացրեք։

Անապատում առաջին հերթին հարկավոր է ջրի աղբյուր գտնել

Ոչ։ Առաջին հերթին հարկավոր է ստվեր գտնել և սպասել, մինչև կանհետանա արևը։ Փորձեք մեծ քար գտնել և սպասել նրա ստվերի տակ։ Հեռու մնացեք տաք ավազից․ նստեք ծառի, աղբի կամ հագուստի վրա։ Իսկ տեղաշարժվելու և ջուր, աստղեր, հյուրանոց, Wi-Fi փնտրելու համար լավագույն ժամանակահատվածը գիշերն է։

Պետք է հետագայի համար նույնպես ջուր թողնել

Եթե ծարավել եք, ապա հարկավոր է նստել ստվերում, զովանալ և ջուր խմել։ Արևի տակ գտնվելով և ջուրը խնայելով հնարավոր է՝ ջերմային հարված ստանաք և ուշագնաց լինեք։