Տեսախաղերը չեն վնասում տղաների սոցիալական զարգացմանը՝ ի տարբերություն աղջիկների


21:15 , 24 ապրիլ, 2019

Միացյալ Նահանգների և Նորվեգիայի գիտնականները պարզել են, որ տեսախաղերը չեն ազդում տղաների սոցիալական զարգացման վրա, ինչը չի կարելի պնդել աղջիկների դեպքում: Հետազոտության նյութերը հրապարակվել են Child Development պարբերականում:

Գիտնականները վերլուծել են 6-ից 12 տարեկան 870 երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների վարքագիծը: Տեսախաղերով տարված 10-ամյա աղջիկները երկու տարի անց ավելի թույլ սոցիալական հմտություններ են զարգացրել, քան իրենց հասակակիցները, որոնք առանձնապես տարված չեն եղել համակարգիչներով և խաղային կոնսոլներով: Թերևս սա պայմանավորված է հասարակությունից մեկուսացմամբ:

«Մենք ապացուցեցինք, որ խաղերը միշտ չէ, որ բացասաբար են ազդում երեխաների զարգացման վրա: Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել պատճառներին, որոնք աճող սերնդին ստիպում են նախընտրել վիրտուալ աշխարհը՝ հրաժարվելով կենդանի շփումից»,- ասել է դոկտոր Բատե Վոլդ Հեյգենը:

Տեսախաղերը սոցիալական հմտությունների վրա տարբեր ազդեցություն ունեն: Կարևոր են սեռը, տարիքը, մարմնի քաշը: Ռիսկային խմբում են անապահով ընտանիքների անդամները և ավելորդ քաշ ունեցող աղջիկները: