Հայոց եղեռնի վերաբերյալ բացառապես զգացական ընկալումներով ապրելն ու հարատևելը կասեցնում է մեր բնականոն զարգացումը


04:49 , 24 ապրիլ, 2019

Հայոց մեծ եղեռնը զուտ զգացական դաշտում ընկալելու, մազապուրծի կարգավիճակում պահելու հակաիրական կանխավարկածը մատնում է մեզ բացառապես ողորմության ու անզորության: Մենք զրկվում ենք պրագմատիկ քաղաքական օրակարգ հիմնելու և այն կյանքի կոչելու հնարավորությունից, փոշիացնում մեր իրական ենթադրյալ հնարավորությունները՝ ապագայի Հայաստանը կառուցելու համար…

Բայց առավել վտանգավոր է, որ այսպիսի մտայնությունն ամենից առաջ զրկում է մեզ համարձակորեն խոսելու սեփական պատասխանատվության գոյության մասին՝ թե՛ անցյալի, թե ներկայի և թե՛ ապագայի համար։ 
Սեփական պատասխանատվության խնդիրները քննարկելիս մենք շատ ավելի լավ լռում ու շրջանցում ենք, քան փորձում հասկանալ, թե ինչո՞ւ և որտե՞ղ թույլ տրվեց սխալը…

Հայոց եղեռնի վերաբերյալ բացառապես զգացական ընկալումներով ապրելն ու հարատևելը կասեցնում է մեր բնականոն զարգացումը, զրկում հայ հասարակական-քաղաքական մտքին դուրս գալուց ռացիոնալ հուն՝ պահելով մեզ գոյություն ունեցող բարդույթների մեջ: