Դուք պատկերացնո՞ւմ եք այն բացասական էֆեկտը, որը կունենանք հերթական միջազգային ընկերությանը նեղացնելիս


20:26 , 22 ապրիլ, 2019

Քաղաքապետը, հիմնավորելով աղբահանող նոր մեքենաների ձեռքբերումը, ասում է, որ եվրոպական քաղաքներն արդեն սկսել են մասնավորից ետ վերցնել աղբահանության գործառույթը։ Թեկուզ Մհեր Գրիգորյանը պատրաստ էր երդվել, որ դա Երևանի համար կլինի ավելի թանկ ու ավելի անորակ, նա մնաց անկոտրում։

Ես հարց ունեմ քաղաքապետին․ Դուք համեմատե՞լ եք այդ նույն եվրոպական քաղաքների վճարած գումարները տվյալ ծառայության դիմաց Երևանի վճարածի հետ, Երևանն այդքան գումար ունի՞, թե՞ հիմա էլ պիտի աշխատակազմը կրճատեք, որպեսզի բավարարեք այդ որոշման արդյունքում առաջացած ծախսերը։ Եթե ոչ, ապա ի՞նչ միջոցներից եք վճարելու։ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում ավելի որակյալ աղբահանություն իրականացնել, եթե քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Euro-3 մեքենաների համար, այնինչ Երևանին անհրաժեշտ է առնվազն Euro-5։

Դուք ո՞նց եք վճարելու ընդհանրապես, եթե բյուջեն չեք կարողանում հավաքագրել․ որքանով գիտեմ առաջին եռամսյակը, որն ավելի հեշտ է հավաքագրել, դուք թերակատարել եք, և 146 մլն պակաս գումար է մտել Երևանի բյուջե։ Կամ այդ ներդրումները, որ պատրաստվում եք անել, ձեռնտո՞ւ են Երևանին․ կտրել մնացած բարեկարգման և կոմունալ ծրագրերից և մեքենա-մեխանիզմ գնել, որը մասնավոր ընկերություններն են պարտավոր․ ի դեպ, «Սանիթեք» ընկերությունն իր հայտարարության մեջ պնդել էր իր պատրաստակամությունը, փոխարենը երաշխիքներ էր ակնկալում քաղաքային իշխանություններից։ Դուք պատկերացնո՞ւմ եք այն բացասական էֆեկտը, որը կունենանք հերթական միջազգային ընկերությանը նեղացնելիս։ Եվ ընդհանրապես, Դուք, պարոն քաղաքապետ, պատկերացնո՞ւմ եք՝ Երևանի կառավարումն ի՞նչ է։