«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց ականատես էինք լինում վերջին տարիներին: Ցավոք, Թուրքիայի հասարակության այն խիզախ ներկայացուցիչները, որոնք փորձում էին ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է նրանց ձայնը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ այս միտումը ոչ միայն կպահպանվի Թուրքիայում, այլև ավելին՝ կուժեղանա, քանի որ գնալով ամրապնդվում է Էրդողանի՝ ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը:
Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց՝ պետք է փորձել հասկանալ, թե այդ ակտիվացման ետևում ինչ է թաքնված:
«Սովորաբար այդ ակտիվությունն ակնհայտ է լինում այն պարագայում, երբ տվյալ երկրի ու Թուրքիայի հետ հարաբերություններում վատ հանգրվան է: Մյուս կողմից չպետք է անտեսել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է»,-ասաց նա:
Այս համատեքստում թուրքագետը նկատեց, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարծես թե տեղափոխվում է մահմեդական աշխարհ, և որ դրա մասին է վկայում արաբական որոշ երկրների կողմից այդ մասին խոսելը:
Սաֆրաստյանը հույս հայտնեց, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի Թուրքիայի հետ կրոնական ընդհանրության գաղափարից և իսկապես կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը՝ ուղղված մարդկության դեմ:
Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի, հայ ժողովրդի մարտավարությունը: Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ պետք է ավելի հետևողական և հիմնավոր դրվի փոխհատուցման խնդիրը:
«Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է և պետք է հանցագործը պատիժ ստանա: Դա ներկայում հնարավոր է իրականացնել հատուցում պահանջելու միջոցով: Նախ պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն բոլոր իրավական հարցերը, ճիշտ ընտրվի հարմար քաղաքական պահը և առաջ տանել փոխհատուցման հարցը»,-հավելեց թուրքագետը: