Հրապարակվել է Վրաստանում ոստիկանների և ցուցարարների բախման տեսանյութը, վիրավորների թիվը հասել է 50-ի (Photo, Video)


11:10 , 22 ապրիլ, 2019

Ականատեսները հրապարակել են վրացական Պանկիսի կիրճում ոստիկանության ներկայացուցիչների և փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ բողոքող ցուցարարների միջև բախման տեսանյութը:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես են հատուկջոկատայինների մեքենաները մոտենում կոնֆլիկտի վայրին, որտեղ մինչ այդ հերթապահում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ինչ-որ պահի ցուցարարները սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր նետել, ինչին ի պատասխան` հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

1tv.ru-ի վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի:

Երեկ Պանկիսի կիրճի բնակիչները հավաքվել են Ախմետայի շրջանի գյուղերից մեկում, որպեսզի խոչընդոտեն «Խադորի 3» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Սրան ի պատասխան` երկրի ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է մեծ քանակությամբ ոստիկաններ և հատուկջոկատայիններ: Ցուցարարները փորձել են խանգարել հատուկ տեխնիկայի տեղաշարժին, ինչն էլ բախումների պատճառ է դարձել:

Ներքին գործերի նախարարի՝ տեղի բնակչության հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ: Որոշվել է, որ շինարարական ընկերությունը կշարունակի խորհրդակցել բնակիչների հետ, և եթե նրանց մոտ 90%-ը համաձայնվի, ՀԷԿ-ի կառուցումը կշարունակվի:

Ըստ Վրաստանի կառավարության՝ Պանկիսի կիրճում ՀԷԿ-ի ծրագրված շինարարությունն էկոլոգիային վնաս չի պատճառի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: