Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հարձակման է ենթարկվել Անկարայի մոտակայքում


05:30 , 22 ապրիլ, 2019

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել ագրեսիվ տրամադրված խմբի կողմից: Դեպքը տեղի է ունեցել Անկարայի մոտակայքում, հաղորդում է NTV-ն:

Նշվում է, որ առաջնորդը զինվորականներից մեկի թաղման արարողությանը մասնակցելու համար ժամանել էր Չուբուկ արվարձան:

Ընդդիմադիր առաջնորդին տղամարդկանց մի խումբ է շրջապատել և նրա հասցեին մեղադրանքներ հնչեցրել: Անվտանգության աշխատակիցները Քըլըչդարօղլուին դժվարությամբ են կարողացել մեքենա ուղեկցել: Նա չի տուժել, գտնվում է ոստիկանության հսկողության ներքո՝ անվտանգ վայրում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր առաջնորդին բազմիցս մեղադրել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: