Իրաքյան Քրդստանում տեղի է ունեցել անչափահասների հերթական ամուսնությունը


03:49 , 22 ապրիլ, 2019
Իրաքյան Քրդստանում տեղի է ունեցել անչափահասների հերթական ամուսնությունը: Ամուսինը՝ Այմենը, 14 տարեկան է, իսկ կինը՝ Ահլամը՝ 17: Նրանք եզդիներ են, ծանոթացել են Շինջարի ճամբարներից մեկում: Իրաքյան Քրդստանում և ընդհանրապես Իրաքում վաղ տարիքի ամուսնություններն ընդունված են: Իրաքյան Քրդստանում երեխաներին ծնողները ամուսնացնում են նույնիսկ 12 տարեկան հասակում: 2011 թ.-ի Իրաքում մի վիճակագրական թիվ կա, որը գրեթե անփոփոխ է մնում: Իրաքի աղջիկերի 5 տոկոսն ամուսնանում է մինչև 15 տարեկանում, 22 տոկոսը՝ մինչև 18: Իսկ 2013 թ.-ին աշխարհում Իրաքն առաջին տեղն էր զբաղեցնում անչափահասների ամուսնության մակարդակով: 
Իրաքյան Քրդստանում անչափահասների ամուսնությունը պետական գրանցում չի ստանում, դրա համար դժվար է ասել, թե այստեղ քանի տոկոսն է ամուսնանում մինչև չափահաս դառնալը: Ըստ Իրաքյան Քրդստանի օրենքների՝ արգելվում է անչափահասների ամուսնությունը, սակայն եթե 16 տարեկան ամուսնացողների ծնողները համաձայն են, ապա դատարաններն իրավասու են կնքել ամուսնական պայմանագիր ամուսնացողների միջև, իսկ եթե ամուսնացողները 16-ից ցածր տարիք ունեն, ապա դատարաններն ամուսնական պայմանագիր են կնքում ծնողների միջև: Ամուսնության մասին օրենքներն Իրաքյան Քրդստանում բավականին ճկուն են, և կարելի է կիրառել ըստ նպատակահարմարության: