Գիտնականները հեռուստացույց դիտելու և բանավոր հիշողության վատթարացման միջև կապ են հայտնաբերել


14:52 , 21 ապրիլ, 2019

Լոնդոնի համալսարանական քոլեջը ներկայացնող մի խումբ հետազոտողներ չափից շատ հեռուստատեսային ծրագրեր դիտելու և բանավոր հիշողության վատթարացման միջև կապ են հայտնաբերել: Ըստ նրանց՝ դա կարող է նշանակել, որ հեռուստացույց դիտելը բացասական ազդեցություն ունի ճանաչողական ունակությունների վրա:

Ուսումնասիրությանը մասնակցելու համար գիտնականները հրավիրել են թվով 3,590 քաղաքացիների, որոնցից յուրաքանչյուրի տարիքը գիտափորձը սկսելու սկզբին 50-ից բարձր էր: 2008-2009 թվականներին կամավորները  հաղորդել են, թե օրվա ընթացքում քանի ժամ են հատկացնում հեռուստացույց դիտելուն: Նրանք նաև պետք է մի փորձարկում անցնեին, որի ընթացքում մասնակիցներից պահանջվում էր 10 բառ հիշել: Բառերը հանրածանոթ էին, դրանց միջև ընդմիջումը երկու վայրկյան էր:

Վեց տարի անց մասնակիցները փորձարկումը նորից կրկնեցին: Պարզվեց, որ նրանց մոտ, ովքեր հեռուստացույց են դիտել օրական 3,5 ժամից ավելի, բանավոր հիշողությունը վատթարացել էր, ընդ որում, որքան շատ ժամանակ էր հատկացվել հեռուստահաղորդումներ դիտելուն, նույնքան ավելի նկատելի էր այդ ազդեցությունը:

Փորձագետներն ընդունում են, որ ստացված արդյունքների հիման վրա չի կարելի միանշանակ խոսել պատճառահետևանքային կապի մասին: Այլ կերպ ասած, հեռուստացույց  դիտելու բացասական ազդեցությունը ճանաչողական ունակությունների վրա հնարավոր մեկնաբանություններից միայն մեկն է համարվում:

Նույնքան օրինաչափ կարող է լինել, օրինակ, այն ենթադրությունը, որ մարդիկ, որոնք ի սկզբանե հակված են հիշողության տարիքային վատթարացման, այս կամ այն պատճառներից ելնելով, նույնպես ավելի հակված են լինում հեռուստացույց դիտելու: Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ հեռուստացույցի առջև չափազանց երկար ժամանակ անցկացնելը կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ, որն իր հերթին՝ անդրադառնում է մարդու բանավոր հիշողության վրա:

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: