Փարիզի Աստվածամոր տաճարի սպասավորը նշել է հրդեհի բռնկման նոր վարկած


12:16 , 20 ապրիլ, 2019

Փարիզի Աստվածամոր տաճարի խոշոր հրդեհի պատճառը կարող էր համակարգչային խափանումը լինել: Այս վարկածն առաջ է քաշել տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն։

Նա չի նշել, թե ինչ համակարգերի մասին է խոսքն՝ ընդգծելով, որ հրդեհի ճշգրիտ պատճառը հայտնի կդառնա երկու-երեք ամսից: Նրա խոսքով՝ քննիչները դեռևս չեն կարողանում աշխատել տաճարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել է մարել միայն 10 ժամ հետո: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի տանիքը, աշտարակը և ժամացույցը:

Հրդեհի ժամանակ հաջողվել է փրկել շատ մշակութային արժեքներ: Ֆրանսիայում տաճարի վերականգնման նպատակով դրամահավաք է սկսվել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Սուրբ Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարուց, թեև փորձագետների գնահատմամբ՝ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10 տարի: