ԱՄՆ Կոնգրեսականների այցը Հայաստան. թվեր և փաստեր


11:12 , 20 ապրիլ, 2019
Ապրիլի 17-19-ը Հայաստան այցելեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում էին 8 կոնգրեսական` 8 տարբեր նահանգներից, 5-ը՝ դեմոկրատ, 3-ը՝ հանրապետական: 

Կոնգրեսականներից միայն երկուսն էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ, մեկը` ադրբեջանական հանձնախմբի անդամ, մեկը` թուրքական հանձնախմբի փոխնախագահ: Կոնգրեսականներից և ոչ մեկը չայցելեց Արցախ` ի տարբերություն իրենց գործընկերների՝ 2017թ. այցի: 

Այցը տարածաշրջանային էր, կոնգրեսականները մինչ Երևան գալը եղել էին Կիևում և Թբիլիսիում: Այցի նախաձեռնությունն ամերիկյան կողմինն էր, այցի նպատակը` ճանաչողական: Ըստ տարածված հաղորդագրությունների՝ կոնգրեսականներն այցելեցին Մայր Աթոռ, Ծիծեռնակաբերդ, հանդիպեցին վարչապետին, ԱԺ նախագահին և պատգամավորներին: 

Այցի ընթացքում կոնգրեսականներից և ոչ մեկը որևէ գրառում իրենց ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում չարեց Հայաստան այցելության մասին: Մի քանի կոնգրեսականներ Վրաստանի և Ուկրաինայի մասին գրառումներ արեցին: 

Պատվիրակության կազմում էին. Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (Դ., Նևադա), Մայքլ Քոնավեյը (Հ., Տեխաս), Գերրի Քոնոլին (Դ., Վիրջինիա), Ադրիան Սմիթը (Հ., Նեբրասկա), Բարբարա Լին (Դ., Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (Դ., Ալաբամա):