Արմեն Գարո՝ Օտոմանյան բանկի գրավումը կազմակերպող հայ գործիչը


21:00 , 20 ապրիլ, 2019

Արմեն Գարոն (Գարեգին Փաստերմաճեանը) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, ով համարվում է հայոց ազգային հերոս:

Ծնվել է Էրզրումում 1872 թ. փետրվարի 9-ին, որտեղ էլ 1891-ին ավարտել է Սանասարյան վարժարանը: 1894-ին ընդունվել է Ֆրանսիայի Նանսիի գյուղատնտեսական համալսարան և նույն տարում անդամագրվել է ՀՅԴ-ին:

1895 թ., երբ սկսվեց Զեյթունի ապստամբությունը, նա Սարգիս Սրենցի, Հայկ Թիրաքյանի (հայտնի էր որպես Հրաչ) և Մաքս Զևրունցի հետ միասին ուղևորվեց Եգիպտոս՝ աջակցելու Զեյթունի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Հենց այդ տարիներին էլ ստանում է Արմեն Գարո կեղծանունը: Զեյթունի ապստամբությունից հետո մեկնում է Կոստանդնուպոլիս:

Օտոմանյան բանկի գրավումը

1896 թ. օգոստոսի 26-ին դաշնակներն իրականացրին իրենց գործողություններից թերևս ամենամեծ աղմուկ բարձրացրածը՝ Կոստանդնուպոլսում Օտոմանյան միջազգային բանկի գրավումը:

Գործողության նպատակը մեծ տերությունների ուշադրությունը հայկական հարցին ուղղելն էր: Գրավման խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Թուրքիային չստիպեին բարեկարգումներ կատարել Հայաստանում: Գարոն Բաբկեն Սյունու հետ միասին օպերացիայի կազմակերպիչներից մեկն էր:

Զենքեր խմբին րամադրել էր բուլղարացի արկածախնդիր Նում Տյուֆեկչիևը: Հարձակումը տեղի ունեցավ մոտ ժամը 13:00-ին, իսկ ինքը՝ Գարոն, բանկի մոտ էր հայտնվել գործողությունը սկսելուց դեռ 10 րոպե առաջ: Նրա գլխավոր առաջադրանքը բանկային ծառայողների և այցելուների փախուստը խոչընդոտելն էր:

Բաբկեն Սյունու մահից հետո Գարոն սկսեց ղեկավարել խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան դաշնակները լքեցին Օտոմանյան բանկը՝ ռուս դեսպան Մաքսիմովի երաշխիքով: Նրանք ֆրանսիական շոգենավով հեռացան Մարսել:

Գարոն պատրաստվում էր շարունակել ուսումը Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Հանոտոն պահանջեց, որպեսզի նա հեռանա, քանի որ մասնակցել է միջազգային բանկի գրավմանը:

Հետագա գործունեությունը

Արմեն Գարոն մեկնեց Շվեյցարիա և Ժնևի համալսարանում սկսեց բնական գիտություններ ուսումնասիրել՝ շարունակելով սերտ համագործակցությունը «Դաշնակցության» հետ: 1898-ին մասնակցել է կուսակցության երկրորդ համագումարին որպես եգիպտական հանձնաժողովի պատգամավոր: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա մեծ հեղինակություն ու սեր էր վայելում կուսակցության անդամների շրջանում:

1900 թ. ավարտել է համալսարանական կուրսն ու ստացել ֆիզիկա-քիմիական գիտությունների դոկտորի կոչում: 1901 թ. Թիֆլիսում հիմնել է քիմիական լաբորատորիա: 1905-1906 թթ. գլխավորել է Թիֆլիսում հայերի ինքնապաշտպանությունը՝ կազմելով 500 հոգուց բաղկացած հայկական միլիցիա։

1908 թ. երիտթուրքերի հեղափոխությունից հետո Արմեն Գարոն ընտրվում է որպես թուրքական խորհրդարանի պատգամավոր, սակայն քիչ ժամանակ անց բոլորի համար պարզ են դառնում երիտթուրքերի իրական մտադրություններն ու նպատակները:

1914 թ.՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, երբ Ռուսաստանը դաշնակներին համաներում շնորհեց, Արմեն Գարոն, լինելով ծանր հիվանդ, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Ռուսական բանակում հայկական կամավորական ջոկատներ ստեղծելու գործում:

1917 թ. ԱՄՆ մեկնեց որպես բոլոր հայերի կաթողիկոսի ներկայացուցիչ, իսկ 1920-ից ի վեր դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: «Նեմեսիս» օպերացիայի կազմակերպիչներից էր:

Ականատես լինելով 1915 թ. Հայոց ցեղասպանությանը՝ Արմեն Գարոն առողջական խնդիրներ է ձեռք բերում: Նա մահացել է 1923 թ. մարտի 23-ին Ժնևում, սրտի հիվանդության պատճառով: