Սարգիս Վիրաբյան. «Մտքերը ծնվում են կնոջ մերկության հետ միաժամանակ» (26 Photo)


14:56 , 19 հունիս, 2013

 

Վաղուց եմ արդեն հետևում լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի գործունեությանը, մանավանդ Նյու Art ոճում արված լուսանկարները:  Մեկ անգամ չէ, որ գլխիս մեջ պտտվել է այն տարօրինակ, բայց գեղեցիկ միտքը, որ ես էլ ունենամ նման լուսանկարներ… բայց դե ամեն անգամ մտածում եմ. միայն այդքանը:

Մի քանի օր առաջ Ֆեյսբուք սոց-ցանցում գործող Sargis Virabyan Photographer խմբում նորից նայում էի Նյուի լուսանկարներ ու կրկին ինձ պատեց լուսանկարվելու տարերքը: ))) Ես վերջնականապես վերցրեցի հեռախոսն ու հավաքեցի Սարգիս Վիրաբյանի հեռախոսահամարը: Թեմայից չշեղվելով` հայտնեցի ինձ համար անսովոր, իր համար սովորական միտքը` լուսանկարվել Նյու Art ոճում: Պայմանավորվեցինք, ու ես գնացի անմահացնելու իմ հոլանի կանացիությունը` արվեստածին մերկությունս: 
Բայց նախքան… հանդես եկա որպես լրագրող և փորձեցի ինձ հուզող բոլոր հարցերին գտնել պատասխաններ:

Քանի որ մեր հասարակության մեջ մերկ կինը համարվում է ոչ բարոյական, միշտ մտածել եմ, թե Սարգիս Վիրաբյանը, չորս տարի շարունակ լուսանկարելով մերկ կանանց, ի՟նչ կարծիք ունի կնոջ բարոյական կերպարի մասին:

- Ինձ համար առաջին հերթին բարոյական է այն կինը, ով անկեղծ է ու ազնիվ: Ազնվությունը բարոյականության առաջին պայմանն է: Ցավոք սրտի բարոյականության ընկալման չափանիշները շատ տարբեր են: Այստեղ արդեն խոսում է մարդու աշխարհընկալումը: Ամեն մարդ մի ձև է ընկալում կնոջ մերկությունը: Ես ոչ մի անգամ փորձ չեմ արել և չեմ անի ինչ-որ մեկի կարծիքը փոխել: Չեմ էլ կարծում, թե Հայաստանում կգա մի ժամանակ, որ մերկ լուսանկարվող կնոջը կհամարեն բարոյական: Այս տեսակետն առաջին հերթին վնասում է հենց կնոջը, ու դրանով է պայմանավորված, որ Հայաստանում հայ կինը երջանիկ չի:

Անընդհատ ծանոթանում ու շփվում ես տարբեր կանանց հետ, ի՞նչ ես բացահայտել հայ կնոջ մասին, ո՞վ է իրականում հայ կինը:

- Այսքան շփումներից հետո, հետաքրքիրն այն է, որ հայ կինը շատ քիչ է տարբերվում կին հասկացողությունից: Ուղղակի մերոնք ավելի տանջված են, ավելի ճնշված են ու ազատության առումով չափազանց շատ փակ են: Մոդելների 95 տոկոսից ավելին հայ կանայք են: Մյուսներն, ովքեր ռուս մոդելներ են, գրեթե ոչնչով չեն տարբերվում հայուհիներից: Հիմնականում հայ կնոջ մոտ աչքի է ընկնում տանջված լինելը, ինչն իրականում շատ ցավալի է:

- Ինքդ կշփվե՞ս այնպիսի կնոջ հետ, ով լուսանկարում ցուցադրել է իր մերկությունը:

- Այս դեպքում կխոսի ստեղծագործական խանդը: Սա թերևս մի բան է, որն անհաղթահարելի է: Ինչպես ռուսներն են ասում` собственник, դա հենց մենք ենք, ինչը մերն է, այս դեպքում` կինը, մենք ուզում ենք, որ միայն մերը լինի: Ես էլ եմ այդպիսին, բայց կարևորն այն է, որ ես սա գիտակցում ու արտահայտվում եմ, բայց շատ քիչ տղամարդիկ են այս մասին խոսում: Չեմ կարծում, թե երբևէ կփոխվեմ: Այնպես չի, որ չեմ ցանկանում փոխվել, բայց դա իմ մեջ է: Կոնկրետ այս դեպքում ավելի շատ լուսանկարչի խանդ կլինի, և ոչ թե տղամարդու:

Հետաքրքիր է, Սարգիս, ինչքա՞ն գումար ես աշխատում այս լուսանկարներով:

- Որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ, երբեմն անում եմ ստեղծագործական պրոյեկտներ, որոնք հետագայում ցուցահանդեսի ձևով ներկայացնում եմ հանրությանը: Արդեն չորս տարի է զբաղվում եմ Նյու ART-ով, որը միմիայն ստեղծագործական է, և ոչ մի կոմերցիոն նպատակներ չի հետապնդում: Ես նկարում եմ միայն ինձ համար:

Զարմանալի է, որ այսպիսի լուսանկարներով գումար չես աշխատում:

- Ես չեմ մտածել վաճառքի մասին, ինչ որ մեկն էլ չի եղել որպես գնորդ: Կոմերցիա ասվածն այստեղ դեռ չի գործում: Գուցե հետագայում լուսանկարները վաճառվեն, և ես վճարեմ նաև իմ մոդելներին:

Թերևս սա պայմանավորված է նրանով, որ կնոջ մերկությունը մեր հասարակության կողմից չի դիտվում որպես արվեստի գործ: Կարծում եմ, Հայաստանից դուրս գնորդներ կլինեն:

- Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, լուսանկարները վաճառելու համար կապեր չեմ հաստատել, բայց կարող եմ հստակ ասել, եթե դրանք վաճառքի հանեմ, գնորդներ հաստատ կգտնվեն, քանի որ, գուցե կոպիտ հնչի, բայց Նյու ART-ը վաճառվող «ապրանք» է: Եթե խոսենք հայկական շուկայից, այստեղ լուսանկար վաճառելը շատ դժվար է, և կապ չունի, թե դա Նյու Art ոճի լուսանկար է, թե դիմանկար կամ այլ, քանի որ լուսանկարչական շուկան Հայաստանում դեռևս ձևավորված չէ:

Համարենք ես հավանել եմ Նյու ART-ի մի գործ և ուզում եմ ունենալ այն, ինչքա՞ն գումար պետք է ունենամ այդ լուսանկարը ձեռք բերելու համար:


- Նույնիսկ չեմ էլ մտածել, թե ինչքան կարելի է գնահատել լուսանկարները: Ամեն դեպքում, եթե մեկը շատ է հավանել որևէ լուսանկար և ցանկանում է գնել, ես կարող եմ նույնիսկ նվիրել: Ես գումար աշխատում եմ այլ լուսանկարներով և Նյու ART-ն ինձ համար դեռ մնում է զուտ ստեղծագործական պրոյեկտ:
Իսկ մոդելներից գումար առաջարկողներ եղել են, որ իրենց լուսանկարես:

- Եղել են նման դեպքեր, հիմնականում դրսից եկող հայուհիներն են գումար առաջարկել, բայց ես ասել եմ, որ սա կոմերցիոն ոչ մի էլեմենտ չի կրում իր մեջ, որ ես այս լուսանկարներով գումար չեմ աշխատում, և բնականաբար, լուսանկարելու համար էլ գումար չեմ վերցնում:

Անցնենք կազմվածքին, ես էլ տեսնեմ` ինքս համապատասխանում եմ, թե ոչ:)))

-Բացի Նյու Art-ից, կա նաև Նյու էրոտիկա, որտեղ կարևորվում են շքեղ կրծքերը, մարմնի անթերի կառուցվածքը և այլն: Իսկ Նյու Art-ում ամեն ինչ այլ է. ինձ համար Նյու Art-ն ասոցացվում է երկու բառով` մարմնի էսթետիկա: Ցանկացած կնոջ էլ կարելի է լուսանկարել: Լուսանկարչի խնդիրն այս դեպքում մեկն է` ծածկել մարմնի թերությունները և ցույց տալ առավելությունները: Ես ունեցել եմ նման մոդելներ, և կասեմ միայն այն, որ այս դեպքում լուսանկարչի գործն է դժվարանում, և օգնության են գալիս ճիշտ ընտրված լույսը, ֆոնը, աքսեսուարները և այլն: Իսկ ինչքան արտահայտիչ է կնոջ մարմինը, այնքան հեշտ է լուսանկարչի աշխատանքը: Բայց իմ փորձը ցույց է տալիս նաև, որ գեղեցիկ մարմնով չի որոշվում գեղեցիկ լուսանկարներ ստանալը. գուցե ստացվի գեղեցիկ լուսանկար, բայց ոչ օրիգինալ, իսկ լուսանկարի կարևոր հանգամանքը օրիգինալ լինելն է:


Մոդելներ կան, որ թերահավատորեն են լուսանկարվել` կարծելով, թե իրենց կազմվածքը վատն է, և լուսանկարը չի ստացվի:

-Մոդելների մեծամասնությունն առաջին անգամ է լուսանկարվել, և շատերն ասում էին, որ չեն պատկերացնում, թե ինչ կստացվի: Ես միշտ նշում եմ, որ ինքս էլ պատկերացում չեմ կազմում, թե ինչ կլինի. սա ստեղծագործական աշխատանք է, և նախապես հնարավոր չէ որևէ բան ենթադրել: Ես միայն կարող եմ վստահել տարիների իմ փորձին:

Այսինքն` ճի՞շտ եմ հասկանում, մեկն, ով ունի ցելյուլիտ, կամ մեկը, ով համարում է, թե ինքը գեր է, չպետք է նախապես հիասթափվի իր մարմնից և իր մեջ սպանի Նյու Art –ում լուսանկարվելու ցանկությունը, քանի որ նախ և առաջ պետք է փորձել… ամեն ինչ պարզ կդառնա լուսանկարվելուց հետո:

-Միանգամայն ճիշտ հասկացար:

)))) Ուրեմն ես էլ կարող եմ ունենալ իմ երազած Նյու Art լուսանկարները:

- Դե քո դեպքում գեր լինելու հետ կապված խնդիր չեմ տեսնում: Շատ գեղեցիկ կազմվածք ունես: Այնպես որ, կարող ենք փորձել… :)))

Մեծ սիրով, բայց դեռ որոշ հարցեր կան, օրինակ դեմքի հետ կապված, ինչն ինձ համար թերևս էլ ավելի կարևոր է: Գրեթե բոլոր լուսանկարներում մոդելների դեմքերը լրիվ կամ կիսով չափ մնում են սքողված: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Այս ամբողջ ընթացքում երկու տեսակ կանանց հետ եմ աշխատել, մի մասը, որ մեծամասնություն է կազմում, չի ցանկացել, որ դեմքը երևա, և մի մասն էլ խնդիր չի ունեցել դեմքը երևալու հետ: Դեմքի երևալու պահը ես եմ սահմանափակում, քանի որ կադրում դեմքը, մանավանդ աչքերը, ավելի շատ տանում է դեպի էրոտիկայի: Իսկ իմ ստեղծագործական աշխատանքները միայն գեղարվեստական շտրիխներ են պարունակում, և հեռու են էրոտիկաից:
Նյու Art –ի լուսանկարներով ցուցահանդեսն էլ, որն այս տարի հուսամ կլինի, անվանել եմ New Art Face off.
Դեմքը սքողվում է, լուսանկարվող մոդելների գաղտնիությունն ապահովվում է, իսկ մոդելների տղամարդիկ տեղեկանում են արդյո՞ք լուսանկարների մասին:

- Ամուսնացած կանանց շատ քչերի ամուսիններն են տեղեկացել, իսկ ազատ կանանց և աղջիկների դեպքում, իրենք են որոշում ասել կամ չասել: Դա արդեն իմ խնդիրը չէ, իմ գործը ստեղծագործելն է:

Իսկ երբ զույգերն են միասին որոշում, որ կինը լուսանկարվի, քանի որ իր տղամարդն ուզում է իր կնոջ Նյու Art լուսանկարն ունենալ: Այսպիսի պատվերներ եղել են:

- Դե դա հնարավոր է, բայց ոչ Հայաստանում: Ամեն դեպքում ես դեռ նման առաջարկներ չեմ ստացել: Ինչու ոչ, կարող են, և բնական է, դա կդիտվի որպես սովորական ֆոտոսեսիա` Նյու Art ոճում, և լուսանկարները ես կփոխանցեմ իրենց, այսինքն` այս դեպքում ես էլի կստեղծագործեմ, բայց արդեն ոչ ինձ համար:

Շատ հետաքրքիր է, վերջապես տղամարդու համար ի՟նչ է կանացի մերկությունը:

- ժամանակի ընթացքում այնքան եմ խորացել լուսանկարչության մեջ, կոնկրետ` Նյու Art-ի, որ այս հարցին, որպես տղամարդ, մի քիչ դժվարանում եմ պատասխանել: Ես փորձեմ կրկին որպես լուսանկարիչ պատասխանել:
Կինն անսպառ թեմա է, լի է գաղտնիքներով, բացահայտել կնոջը մինչև վերջ` անհնար է: Չորս տարի է ես զբաղվում եմ Նյու Art-ով, այդքան կանանց ու աղջիկների հետ եմ շփվել, բայց ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում ինձ համար: Կինը մի թեմա է, որ միշտ հարցականներ է թողնում, հավերժ է ու հետաքրքիր: Բնական է, որ որոշ հարցերին գտնում եմ պատասխաններ, բայց դրանք երբեք ամբողջական չեն լինում, ու էլի ինչ որ հարցականներ մնում են:

Կան արդյո՞ք տղամարդիկ, ովքեր Նյու ART լուսանկարները դիտում են որպես արվեստի գործեր, և ոչ զուտ նրա համար, որ այնտեղ մերկ կանայք են:  

- Իմ հանդիսատեսը հիմնականում կանայք են: Տղամարդկանցից այդքան շատ արձագանքներ չեմ լսել, որքան կանանցից, և հենց դրա համար միշտ ասում եմ, որ լուսանկարում եմ կանանց` կանանց համար: Ես երբեք չեմ ասում, թե արվեստի գործեր եմ ստեղծում. ժամանակը ցույց կտա, թե այս աշխատանքներն իրենցից ինչ արժեք են ներկայացնում: Շատ կանայք կան, իհարկե, նաև տղամարդիկ, որ ասում են, որ այս լուսանկարներն արվեստի գործեր են և այլն, բայց այդ ամենը միայն ժամանակը ցույց կտա:

Գուցե տղամարդիկ չեն արտահայտում իրենց դրական կարծիքը զուտ այն պարզ պատճառով, որ ինչ-որ չափով նախանձում են քեզ և շատ կուզենային լինել քո տեղը:))) Չէ՞ որ տղամարդկանց մեծամասնությունը կնոջը տեսնում են հագուստով, բայց փորձում են պատկերել նաև նրա մերկ մարմինը: Միայն պատկերել, իսկ դու այն քիչ երջանիկ տղամարդկանցից ես, ով կնոջը տեսնում է և՜ հագուստով, և՜ մերկ: (Այս խոսքերս ժպիտ են արթնացնում և հայտնի ու սիրված լուսանկարչի դեմքին, և նրա մոտ Նյու ART-ում լուսանկարվելու համար հյուր եկած լրագրողուհուս … փոխադարձ ժպտալու պատճառը թերևս ձեզ էլ հասկանալի դարձավ:))): Ն.Ա.)

- Այո, այդպես է, և հետաքրքիր է, որ հագուստով կինը միանգամայն այլ է դառնում, երբ մերկանում է: Ի նկատի ունեմ ոչ միայն արտաքին տեսքը: Այսքան տարիների փորձ ունենալով` ես երբեք չեմ պատկերացրել, թե կինը, մերկանալով, ինչպիսի տեսք կունենա:)) երբեք չեմ կարողացել գուշակել…

Իսկ մերկանալու խնդիր չի եղել:)), դե որ եկել են ու քաշվել են, ամաչել են:)))

- Ոչ, նման դեպքեր չեն եղել, քանի որ նախքան նկարահանումները, ես զրուցում եմ մոդելների հետ, և դա բերում է փոխվստահության: Իմ խնդիրը այդ վստահությունը ձեռք բերելն է: Մոդելը պետք է ազատ լինի, և որքան նա ազատ է դրսևորում իրեն, այնքան լուսանկարն օրիգինալ է ստացվում:

Հայուհիների հե՞տ է հեշտ աշխատել, թե՞ այլ ազգի մոդելների:

- Միգուցե զարմանալի լինի, բայց ինձ համար հայուհիների հետ մի քանի անգամ ավելի հեշտ է աշխատել, քան օտարազգի կանանց: Չգիտեմ, ինքս էլ չեմ հասկանում, թե սա ինչով է պայմանավորված, չեմ էլ կարող բացատրել… Միշտ կարծել եմ, թե այլ ազգի ներկայացուցիչների հետ բավականին հեշտ կլինի, քանի որ նրանք ավելի ազատ են, բայց փորձն այլ բան ապացուցեց:

Իսկ ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են թեմաներն ընտրվում: 

-Լուսանկարների հիմնական թեմաները ես եմ որոշում` դետալներ, գույներ և այլն, բայց կա մեկ կարևոր հանգամանք, յուրաքանչյուր մոդել պահանջում է առանձնահատուկ վերաբերմունք: Ոչ մի դիրք նախապես չեմ որոշում. մտքերը ծնվում են կնոջ մերկության հետ միաժամանակ, հետո մի քանի փորձնական կադր եմ անում ու միանգամից հասկանում եմ, թե շեշտադրությունը ինչի վրա եմ դնելու, ինչ գույներ եմ օգտագործելու, ինչ դիրքերով և այլն:

Թերևս լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանին շատերն են քննադատում, միգուցե միայն այն բանի համար, որ մերկ կանանց է լուսանկարում:

-Այո, և քննադատում են հիմնականում այն հանգամանքը, որ հայ կինը լուսանկարվում է մերկ: Ես դա հասկանում եմ, բայց և ասում եմ` ի՞նչ է, հայ կինը կի՞ն չի, և վերջ:

Ինչպե՞ս է Նյու ART-ը վերափոխվում էրոտիկայի:

-Որպես լուսանկարիչ ես իմ առջև պայման չեմ դնում, որ լուսանկարներն ունենան ինչ որ մեկին գրգռող էֆեկտներ: Ինձ հետաքրքիր է միայն Նյու ART ոճում ստեղծագործելը: Էրոտիկ նկարը կոմերցիոն բնույթ ունի, և տարբեր ձևերով տարածվում է, որ կատարի իր հիմնական “առաքելությունը”`կրքեր արթնացնի: Ես կարող եմ էրոտիկ լուսանկարներ անել, այդ փորձն էլ ունեմ, բայց Նյու ART-ն ինձ համար այլ է, այստեղ խոսք չի կարող լինել էրոտիկայի մասին:

Այսքան մոդելների հետ ես աշխատել, եթե առաջարկես նրանց լուսանկարվել էրոտիկ կադրերում, ի՟նչ ես կարծում, կհամաձայնվեն:

- Մոդելների մեծ մասը նախապես նայել է իմ գործերը, և հետո միայն լուսանկարվելու ցանկություն հայտնել: Վստահ կարող եմ ասել, որ նրանցից շատերը կհրաժարվեն, քանի որ նրանց գրավել է հենց Նյու ART –ը:

Այսինքն` քո մոդելներն իրենց մերկությամբ գումար չեն աշխատում, նրանք սովորական կանայք կամ աղջիկներ են, ովքեր պարզապես ցանկանում են ունենալ Նյու ART լուսանկարներ:

-Այո, ինչպես, օրինակ դու ես ցանկանում:

(Միասին ժպտում ենք: Ն.Ա.)
Ի՞նչ տարօրինակ արտահայտություններ ես լսում մոդելներից, երբ նրանք տեսնում են քո հրաշք աշխատանքները` իրենց աննկարագրելի մերկությունը:

-Մեծամասամբ, երբ լուսանկարը ցույց եմ տալիս, լսում եմ նման խոսքեր. «Վա՛յ, ե՞ս եմ… մի՞թե այսքան սիրուն եմ…»: Դե, իհարկե, ինձ համար էլ հաճելի է լսել, որ ես այնպիսի գործ եմ անում, որ նույնիսկ կինն իրեն չի ճանաչում ու իր մերկ մարմինն այդքան գեղեցիկ է տեսնում:

Քանի որ Նյու ART -ում մոդելի աչքերը չեն երևում, իսկ մենք գիտենք, որ մարդուն ճանաչելու ամենաառաջին պայմանը նրա աչքերն են, այս դեպքում շատ հավանական է նույնատիպ կառուցվածք ունեցող մեկ մոդելին շփոթել մյուսի հետ: Չէ՞ որ միայն կառուցվածքով շատ դժվար է կնոջը ճանաչել:

- Նման թյուրիմացություններ լինում են: Մի անգամ իմ մոդելներից մեկի ընկերուհին ինտերնետում փնտրել- գտել էր իմ Նյու- աշխատանքները, բայց իր ընկերուհուն շփոթել էր մեկ ուրիշ մոդելի հետ: Նույնիսկ մոդելը կարող է իրեն շփոթել, այնպես որ սա նորմալ երևույթ է: )))

Ինչքան էլ բոլոր կանայք կին են, բայց նրանք ինչ-որ չափով տարբերվում են, օրինակ, ինձ շատ հետաքրքիր են տղայական կերպարով ու շարժուձևով կանայք կարո՞ղ են Նյու ART-ում հանդես գալ որպես մոդելներ:

- Ունեցել եմ նման մոդելներ, և ասեմ, որ նրանք միանշանակ նույն կանայք են, պարզապես առօրյայում ավելի շատ հանդես են գալիս տղայական կերպարով: Լուսանկարներն էլ նայելիս ոչ ոք չի կարող պատկերացնել, որ այդ մոդելը նույն այն կինն է` ծանր կոշիկներով, տղայական քայլվածքով և այլն:

Եվ այստեղ հարց է ծագում` ո՞րն է կանացիությունը, ի՞նչ է կանացիությունը:

-Կանացիություն տերմինը ես կուզենայի փոխարինել մեկ այլ բառով` կանացիության շարմ. դա այն է, որը նկարագրել կամ բացատրել հնարավոր չէ: Դա ունի միայն կինը: Որոշ կանանց մոտ այդ շարմն ավելի ցայտուն է, ոմանց մոտ` ավելի սքողված, բայց բոլոր կանայք էլ ունեն: Ցանկալի կլինի, որ կանայք ավելի կանացի լինեն և կարողանան օգտագործել կանացիության այդ շարմը:

Շատ հետաքրքիր է, Սարգիս, քո կարծիքով, կգա մի ժամանակ, որ հայ տղամարդը կցանկանա իր կնոջ մերկ մարմինը` լուսանկարի տեսքով, տեսնել իրենց ննջասենյակի պատից կախված:
(Բնականաբար այս հարցը երկուսիս մոտ էլ կասկած է առաջացնում, թե որտեղ ենք մենք հիմա, ու մենք կրկին լիաթոք ժպտում ենք:- Ն.Ա.)

-Եթե խոսքը հայ տղամարդու մասին է, ուրեմն` այդ ժամանակը չի գա: Կա մտածելակերպի խնդիր: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում այն փոխել:
Շատերն են ցանկանում Նյու ART լուսանկարներ անել: Դե ով չի ցանկանա մերկ կին լուսանկարել, բայց մեկ այլ բան է մերկ կինը, և լրիվ ուրիշ բան, երբ կնոջ մերկությունը ներկայացվում է որպես արվեստի արժանի գործ:

Սարգիս Վիրաբյանն արդեն 10 տարի զբաղվում է լուսանկարչությամբ, որի չորս տարիները հիմանականում ստեղծագործում է Նյու ART ոճում:
Բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների է մասնակցել և՜ Հայաստանում, և՜ սահմաններից դուրս, այնքան պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել այդ ցուցահանդեսնիերին և այլ միջոցառումների մասնակցելու համար, որ ինքն էլ, առանց դրանց վրա աչք գցելու, չի կարողանում վերհիշել, թե որը որտեղից է ստացել: Ինչո՞ւ եմ ասում այս ամենը, որ հստակեցնեմ. լուսանկարչական ապարատ ունենալը դա դեռ պրոֆեսիոնալ լուսանկարչի անուն ունենալ չէ, դա կարող է առավելագույնը սկիզբը լինել դեպի լուսանկարչություն տանող ճանապարհի:
Նյու ART-ը Սարգիս Վիրաբյանի համար բիզնես չէ, սակայն հետաքրքիր է, թե ինչու է նա որոշել զբաղվել Նյու ART –ով:
Այս հարցը իմ կողմից շատ սիրելի լուսանկարչին ուղղեցի, երբ նա արդեն ստեղծագործական փնտրտուքի մեջ, տարբեր կադրեր լուսանկարելով, նոր մտքեր էր որոնում. ահա նրա պատասխանը.
«Ես սիրում եմ լուսանկարչությունը և սիրում եմ կանանց, երկուսը միասին դա հենց Նյու ART -ն է»: