Ինչի՞ համար են հիմա ԱԱԾ-ին ոչ կոմպետենտ ներկայացնելու փորձեր արվում


18:13 , 19 ապրիլ, 2019

Ես հատուկ չէի անդրադառնում բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված էին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ի կողմից վերջինիս հանդեպ առաջ էր քաշվել մեղադրանք, սակայն այս ամենի մեջ հատկանշականն այն է, որ մենք այսօր ունենք մի իրողություն, որ նույն ԱԱԾ-ն (և անձամբ կառույցի ղեկավար Վանեցյանը) կատաղի պրեսինգի է ենթարկվում այն ուժերի կողմից, որոնք փորձում են հիմա շահարկել հեղափոխական կամ հակահեղափոխական թեզերը:

Հարգելիներս, մենք բոլորս պայքարել ենք, որ գործի օրենքի գերակայության սկզբունքը: Խնդիրը ո՞րն է և ինչի՞ համար են հիմա փորձեր արվում ԱԱԾ-ին ներկայացնելու ոչ կոմպետենտ: Հիմա փորձ է արվում խեղաթյուրել ԱԱԾ-ի աշխատանքը և բոլոր սլաքները տանել հենց իրենց կողմ՝ ցույց տալով, որ ընթանում են իբր ներքին խմորումներ, որում ներգրավված է ԱԱԾ-ն:

Բնավ նպատակ չունեմ ոչ մեկին պաշտպանելու, սակայն այս պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստացվում: Մի կողմից մենք պահանջում ենք օրենքի երկիր, մյուս կողմից քննադատում ենք այն կառույցը, որը հենց այդ օրենքը պաշտպանում է: Համոզված եմ, որ անմեղությունը կամ մեղավորությունը կբացահայտվի, ինքս հակված չեմ որևէ կոչեր անելու, սակայն պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի աշխատանքի վրա ազդելու բոլոր փորձերը վտանգավոր են և հակապետական: Թող օրենքի ուժով բացահայտվեն և պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են ինչ-որ պրոցեսների մեջ: Ամենակարևորն այն է, որ մենք հանկարծ չփորձենք չակերտավոր հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով որևէ կառույցի վրա պիտակներ կպցնել: Դա անթույլատրելի է, և հենց այս պարագայում «թողեք մարդիկ աշխատեն» արտահայտությունը ճիշտ է և ակտուալ: 

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հասկանալի է, որ գնում են տարբեր թևերի բախումներ, և պետք է հասկանալ, թե ո՞ւմ հետաքրքրությունը կամ շահը կա տվյալ բախումներից, ի՞նչ է իրականում կատարվում, և ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի դեմ: