Facebook-ն արգելափակել է բրիտանական արմատական կազմակերպությունների էջերը. Times


17:20 , 19 ապրիլ, 2019

Դա արվել է այն մարդկանց դեմ, որոնք սոցցանցի ղեկավարության կարծիքով «ատելության և բռնության գաղափարախոսություն» են տարածում:

Facebook-ն արգելել է բրիտանական տասնյակ արմատական կազմակերպությունների և անհատների սոցցանց մուտքը՝ «ատելության և բռնության գաղափարախոսության տարածման համար», հաղորդում է The Times-ը:

Դրանց թվում են աջ արմատական Բրիտանիայի ազգային կուսակցությունը, որը ֆաշիզմի հետ ընդհանուր գծեր ունեցող գաղափարախոսություն ունի և հայտնի է հակաիսլամական ելույթներով: Արգելափակվածների ցուցակում են նաև Ազգային ճակատը և Britain First-ը: Սոցցանցում արգելվել է խոսել Բրիտանիայի ազգային կուսակցության նախկին ղեկավար Նիք Գրիֆինին, Britain First-ի ներկայացուցիչներ Փոլ Գոլդինգին և Ջեք Ռենշոուին, ինչպես նաև Knights Templar International խմբավորումից Ջիմ Դոուսոնին:

«Մի քանի տարի է, ինչ սոցիալական ցանցին քննադատում են ծայրահեղ աջ կազմակերպություններին հարթակ տրամադրելու և միլիոնավոր մարդկանց դիմելու և հանգանակություններ կազմակերպելու հնարավորություն տալու համար,- գրում է պարբերականը:- Եվ այս շաբաթ ահաբեկչության դեմ պայքարի փորձագետը BBC հեռուստաալիքի «Panorama» ծրագրում հաղորդել է, որ ծայրահեղ աջ էքստրեմիզմը, այդ թվում՝ նեոնացիզմը, մեծ սպառնալիք է Հյուսիսային Անգլիայի համար»:

Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «ատելություն տարածող անձինք և կազմակերպությունները տեղ չունեն սոցցանցում, և նրանց այլևս չի թույլատրվի լինել Facebook-ում կամ Instagram-ում»: