«Որ տեղիս խփեցիր, այդ տեղս ուտես», կամ մի փոքրիկ դիպված Վլադիմիր Կարապետյանի կյանքից


13:00 , 19 ապրիլ, 2019

Ուրեմն՝ հեռավոր 2011 թվականն էր, ու Ոստիկանության կենտրոնի բաժանմունք էին տարել ՀԱԿ երիտասարդներին․ ի դեպ, հենց այդ միջադեպից հետո դադարեցվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, որի արդյունքում պատժից վաղաժամ ազատվեց Նիկոլ Փաշինյանը: 

Ոստիկանության դիմաց հավաքվել էինք բերման ենթարկված երիտասարդներին աջակցելու (ես այդ ժամանակ ՀՀՇ անդամ էի դեռևս), բավականին բազմամարդ հավաք էր: Այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանությունը ՀԺ-ի խմբագրության մոտակայքում էր գտնվում և բավականին նեղ բակ ուներ: Ոստիկանական ուժերը երկու շարքից բաղկացած վերակարգով հսկում էին բակի ողջ երկայնքը, իսկ մասնակիցների քանակը գնալով ավելանում էր: 
Հավաքին ներկա էր նաև Վարդգես Գասպարին, որը, տեսնելով ոստիկանական գազելը, միանգամից վազեց և պառկեց մեքենայի անիվների առաջ: Ես միանգամից շտապեցի դեպի Գասպարին։ Այդ պահին կողքիս էր նաև ներկայումս վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը (ի դեպ, Վլադիմիրը Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում երկար տարիներ աշխատել էր ԱԳՆ-ում): Ոստիկանական գազելի վարորդն անգամ չէր նկատել Գասպարիին ու մեքենան փորձում էր դեպի առաջ քշել: Մի քանի հոգով միանգամից մարմնով փակեցինք գազելի ճանապարհը, իսկ կարմիր բերետավորներն այդ ընթացքում քարշ տվեցին Գասպարիին մեքենայի անիվների տակից և բիրտ ուժ կիրառելով՝ մեզ սկսեցին հրել դեպի մայթեզր: Ես հարվածի ձայն լսեցի ու շրջվելով անմիջապես նկատեցի երկրորդ հարվածը, որն ուղղված էր Վլադիմիր Կարապետյանի հետույքին:

Բնականաբար, այդ ընթացքում ես շատ ոչ ստանդարտ լեքսիկոնով էի արտահայտվում ոստիկանների հասցեին և նկատելով Վովայի այլայլված հայացքը՝ սպասում էի, որ մի հայհոյանք էլ ինքը կտա, և Վովան պոռթկաց. ջղայնությունից կարմրած դեմքով թեքվեց դեպի կարմիր բերետավորն, ու թոքերում ինչքան շունչ ուներ, գոռաց․ «Որ տեղիս խփեցիր, այդ տեղս ուտես... Հասկացա՞ր, այ այս տեղս (ափով հետույքին հարվածելով) ուտես դու»: Մինչև ես փորձում էի ծիծաղս զսպել, կարմիր բերետավորը պոռթկաց ու սկսեց բարձր ծիծաղել: 

Այդ օրվանից ես տրամագծորեն փոխեցի վերաբերմունքս հարգելի Վլադիմիր Կարապետյանի մասին և հիմա, որ արդեն որերորդ անգամ նրա կողմից հայտարարություն-հերքումներ են լինում, ես միանգամից հիշում եմ այդ օրը և ափսոսանքով արձանագրում մտքումս` տեսնես էդ ոստիկանն ինչի՞ չկերավ Վովայի «այն տեղը», իսկ միգուցե դա անելով նա մեծ ծառայություն մատուցած կլիներ Հայաստանի Հանրապետությանը: 

Ասածս ի՞նչ ա. Վլադիմիր Կարապետյանի գործունեությանը ըմբռնումով մոտեցեք կամ մեղմորեն և քնքշանքով, ինքը բնավ մեղավոր չէ, որ մամուլի խոսնակ է նշանակվել, ինքը շատ բարի անձնավորություն ա: