Թուրքիայի նախագահը ՏԻՄ ընտրություններից հետո առաջին անգամ երևացել է հանրության լայն շրջանակներին և ուղերձով դիմել Թուրքիայի քաղաքացիներին


03:44 , 19 ապրիլ, 2019

Թուրքիայի նախագահը թերևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո առաջին անգամ երևացել է հանրության լայն շրջանակներին և ուղերձով դիմել Թուրքիայի քաղաքացիներին: Նա երեկ՝ ապրիլի 18-ին, Անկարայում կայացած ազգային և միջազգային արհմիութենական ընկերությունների համաժողովին իր մասնակցությունն է բերել, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: 

Թուրքիայի նախագահը հետաքրքիր շեշտադրումներով է իր ելույթը կառուցել: Նա նախ կոչ է արել, որ հետընտրական Թուրքիան համախմբվի, և միասնական պայքարեն արտաքին սև ու մութ ուժերի դեմ: Էրդողանը նման քարոզչական մեթոդի է դիմում, երբ ներքին քաղաքական կյանքում որոշակի վտանգ է տեսնում: Նա իսկույն անհասցե արտաքին թշնամիներին է վկայակոչում և անհրաժեշտություն համարում Թուրքիայում միասնությունը: Էրդողանի հաջորդ շեշտադրված «կանգառը» 2023թ.-ն էր: Նա վերջերս սկսել է շատ խոսել, որ Թուրքիայում հաջորդ ընտրությունները լինելու են 2023-ին, այսինքն՝ հերթական ընտրություններ են լինելու: Սրանով փորձ է անում անուղղակիորեն մեսիջներ հասցնելու ընդդիմությանը, որ երբեք արտահերթ ընտրություններ չեն լինի: Էրդողանն այս վիճակով արտահերթ ընտրությունների ոչ մի դեպքում չի գնա, քանի որ դա կլինի իր քաղաքական կյանքի վախճանը: 
Հաջորդ շեշտադրումը, որի համար նա ենթարկվում է անխնա քննադատության, տնտեսության անդրադարձն էր: Այստեղ ևս զերծ չմնաց տնտեսության մասին հրապարակումների մեջ արևմտյան և անհայտ սև ու մութ ուժերին մեղադրելուց: Էրդողանը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Թուրքիայի տնտեսության անկման պատճառը ոչ թե լրատվամիջոնցներն են իրենց հոդվածներով, այլ հենց իր վարած քաղաքականությունը: 
Մի խոսքով՝ ծերուկն արդեն անտանելի է դառնում, բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: