Թաիլանդում քարանձավից երեխաներին փրկած դայվերը նույն աղետի մեջ է ընկել մեկ տարի անց


06:07 , 19 ապրիլ, 2019

Բրիտանացի փրկարար Ջոշ Բրետչլին, որն անցած տարի մասնակցել է Թաիլանդում հեղեղված քարանձավից 12 երեխաների փրկությանը, ինքն է հայտվել նման իրավիճակում: Սակայն, ինչպես և դպրոցականների դեպքում, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, գրում է The New York Times-ը:

Ջոշն իր բրիտանացի դայվերների թիմի հետ որոշել է ԱՄՆ Թենեսի նահանգում քարանձավ ուսումնասիրել: Սակայն հենց առաջին սուզվելուց հետո Ջոշի ընկերները հասկացել են, որ նա իրենց հետ չէ: Նրանք անմիջապես կապվել են փրկարարական ծառայությունների հետ, և դեպքի վայր դայվերներ են ժամանել Արկանզասից և Ֆլորիդայից:

Ջոշին փրկել են առանց որևէ խնդիրների. տղամարդը գիտեր, թե ինչ պետք է անել: Վտանգի առաջին նշաններ նկատելով՝ նա գտել է օդային գրպանը, որտեղ և 28 ժամ սպասել է փրկարարներին: Դայվերներից մեկը ԶԼՄ-ներին ասել է, որ Ջոշը շատ հանգիստ է եղել և առանց որևէ խնդրի կատարել է բոլոր հրահանգները:

«Միակ բանը, որ նա խնդրեց մակերեսին հայտնելուց հետո, պիցցան էր»,- պատմել է փրկարարներից մեկը:

Ջոշ Բրետչլին 2018 թ.-ի հունիսին 12 երեխաների փրկությանը մասնակցելու համար Բրիտանական կայսրության ասպետի շքանշանի է արժանացել: