Խորհրդավոր իրադարձություններ, որոնց գաղտնիքը մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել բացահայտել


22:45 , 18 ապրիլ, 2019

Աշխարհում տարատեսակ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մենք խորհրդավոր ենք համարում: Գալիս է ժամանակը, և այդ երևույթները գտնում են իրենց բացատրությունները, սակայն կան նաև այնպիսիք, որոնց գաղտնիքը դեռևս լուծել չի հաջողվել մարդկանց:

Սենայից աղջիկը

1880 թ. Ֆրանսիայի Սենա գետից հայտնաբերեցին 16-ամյա աղջկա դի: Քանի որ բռնության ոչ մի հետք մարմնի վրա չգտնվեց, մահվան պատճառը պարզել այդպես էլ չհաջողվեց: Ենթադրում են, որ աղջիկն ինքնասպանություն է գործել: Անհայտ դիակի հետ աշխատող բժիշկը պատրաստել էր այդ աղջկա դիմակը, ում հավանել էր: Թրծվածքի կրկնօրինակներն արագորեն տարածվեցին Փարիզում և դրա սահմաններից դուրս:

Ֆրանսիական էլիտայի շրջանակում աղջկա դեմքը գեղեցկության չափանիշ դարձավ, և դրանից ոգեշնչված՝ արվեստագետները սկսեցին արվեստի գործեր ստեղծել: Միաժամանակ աղջկա ճակատագրի վրա օրեցօր տարբեր լեգենդներ էին հյուսվում: Համաձայն դրանցից մեկի՝ աղջիկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ թրծվածքն ընդամենը քանդակագործի երևակայության արդյունքում ծնված աշխատանք է: Ճշմարտությունը պարզել հնարավոր չի եղել մինչ օրս:

Ցիկադա 3301

Առաջին անգամ այս խորհրդավոր կազմակերպությունը հայտնեց իր գոյության մասին 4chan կայքում 2012 թ. հունվարի 4-ին գլուխկոտրուկ հրապարակելով:

Առաջադրանքը զուգորդվում էր հաղորդագրությամբ այն մասին, որ այս կազմակերպությունը փնտրում է բարձր ինտելեկտով դեմքերի և այդ պատճառով է գլուխկոտրուկը հրապարակել: Հաջորդ առաջադրանքը հայտնվեց 2013 թ. հունվարի 5-ին, երրորդը՝ 2014 թ. հունվարի 6-ին Թվիթերում:

Հաջորդ տարի գլուխկոտրուկ չհրապարակվեց, իսկ 2016 թ. հունվարի 6-ին կրկին Թվիթերում հաղորդագրություն տարածվեց, սակայն այս անգամ՝ առանց գլուխկոտրուկի:

Բոլոր գլուխկոտրուկները կապված էին կրիօտոգրաֆիայի, տեղեկատվության պահպանման և ստեգանոգրաֆիայի հետ: Մասնակիցները պետք է լուծեին խրթին առաջադրանքները, այցելեին աշխարհի տարբեր քաղաքներ՝ հերթական հուշումը գտնելու համար, զանգեր կատարեին դժվար հասանելի հեռախոսակապերով, սկանավորեին QR կոդեր և այլն:

Կա տեղեկություն այն մասին, որ նվազագույն հաշվարկով 20 մարդ ստացել է հաստատում Ցիկադա 3301-ից բոլոր առաջադրանքները բարեհաջող կատարելու մասին: Սակայն թե ով է թաքնվում Ցիկադա անվան հետևում, անհայտ է մինչ օրս:

Ամելի Էրհարթի գաղտնիքը

Ամելի Էրհարթն ավիացիայի պիոներ էր, առաջին կինը, ում հաջողվել էր թռիչք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրայով, ինչի համար էլ հատուկ մեդալի էր արժանացել: Նրա կյանքի և թռիչքների վերաբերյալ բեսթսելեր գրքեր կան հրատարակված: Էրհարթը ակտիվորեն փորձում էր կանանց ներգրավել ավիացիայի ոլորտում:

Այն բանից հետո, երբ 1936 թ. Էրհարթը Պերդյու համալսարանից նվեր ստացավ երկշարժիչ «Լոքհիդ-Էլեկտրա» L-10E ինքնաթիռ, նա որոշեց ի կատար ածել իր վաղեմի երազանքը՝ հասարակածի երկայնքով շուրջերկրյա ճամփորդություն կատարել: 1937 թ. Ամելին սկսեց ուղևորությունը: Առաջին փորձը գրեթե աղետով վերջացավ, սակայն ինքնաթիռը վերանորոգելուց հետո նա ևս մի փորձ կատարեց: Կնոջը հաջողվեց անցնել ճանապարհի 80%-ը՝ Ատլանտիկան, հասարակածային Աֆրիկան, Արաբիան, Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան: Հաջորդը պետք է լիներ Նոր Գվինեայի Լաե քաղաքից մինչև Խաղաղ օվկիանոսում գտնվող Հաուլենդ կղզին ընկած տարածքը:

Նախագահ Ռուզվելտը պատվիրել էր կղզու վրա հատուկ Էրհարթի համար վայրէջքի վայր պատրաստել, որտեղ նրան կսպասեին պաշտոնական դեմքեր ու լրագրողներ, իսկ ափի մոտ հերթապահում էր «Իտասկա» նավը, որն արձագանք էր ուղարկում և ռադիոկապ էր պահպանում․ չէ՞ որ հսկայական Խաղաղ օվկիանոսում այդ փոքրիկ կղզին գտնելը չափաանց բարդ էր:

Կապն ինքնաթիռի հետ անկայուն էր, մի պահ կտրվեց, սակայն դատելով վերջին հաղորդագրություններից՝ Ամելին ուր որ է պետք է հասներ կղզի: Սակայն Էրհարթը հաղորդեց, որ չի տեսնում կղզին և նավը, և հաղորդագրություն այլևս չստացվեց:

Սկսվեցին փրկարարական օպերացիաներ: Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածը՝ 354 քկմ տարածք, 14 օր շարունակ ուսումնասիրեցին նավերն ու 66 ինքնաթիռները: Ամենն ապարդյուն էր, չնայած որ որոնողական աշխատանքները շարունակվում են ընդհուպ մինչև այսօր: Միայն 2013-ին հայտնեցին, որ Էրհարդի ինքնաթիռի մնացորդները միգուցե գտել են Ֆենիքս կղզախմբում, սակայն վարկածը չհաստատվեց: