Չինացին 15 կիլոգրամանոց ուռուցքով ապրել է 30 տարի


18:00 , 18 ապրիլ, 2019

Չինաստանում բժիշկները հիվանդի մեջքից 14․9 կգ-ոց անոմալ մեծ ուռուցք են հեռացրել, հայտնում է Daily Mail-ը:

Թան ազգանունով 68-ամյա տղամարդը 85 սմ երկարությամբ և 65 սմ լայնությամբ ուռուցքով ապրել է ավելի քան 30 տարի: Բժիշկները երկար տարիներ հրաժարվել են հեռացնել տղամարդու մեջքի վրա առաջացած գոյացությունը, քանի որ այն մասամբ ախտահարել է նրա թոքերը, ողնաշարը և որոշ երակներ:

Վերջերս տղամարդը վնասված քներակով, արյան մեծ կորստով հայտնվել է Շանհայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները որոշել են վիրահատել նրան: 33 ժամ տևած վիրահատությունից հետո տղամարդը 4-5 օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ 6-րդ օրն արդեն կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել: Այս պահին տղամարդն իրեն լավ է զգում: