Փարիզի Աստվածամոր տաճարում փլատակների տակից հայտնաբերել են փլված սայրաձողի՝ մասունքներ պարունակող պղնձե աքաղաղը


15:47 , 18 ապրիլ, 2019
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո փլատակների տակից գտել են սայրաձողի պղնձե աքաղաղը, որի մեջ մասունքներ են եղել: Ինչպես նշում է La Figaro-ն, տեղեկությունը հաստատվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից:

Աքաղաղը, որը զարդարել է տաճարի փլված սայրաձողը, հայտնաբերվել է ապրիլի 16-ի երեկոյան, ընդ որում՝ փլուզման պահին աքաղաղը պոկվել է սայրաձողից: Մինչ այդ ենթադրվում էր, որ աքաղաղը կորսվել է հրդեհի ժամանակ:

Աքաղաղը մեծապես վնասվել է, սակայն մասնագետները հուսով են, որ այն հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել:

Աքաղաղի մեջ պահվել է Քրիստոսի փշապսակի մի մասը, ինչպես նաև Փարիզի հովանավոր սրբերի՝ սուրբ Ժնևևի և սուրբ Դիոնիսիոսի մասունքները: Հայտնի չէ՝ արդյոք մասունքները պահպանվել են, թե ոչ:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնվկել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է: 

Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը: