Աշխարհում մամուլի ազատության զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը


15:00 , 18 ապրիլ, 2019

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվել նաև Հայաստանին:

Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառվել է 180 պետություն, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: Օրինակ՝ 2017-ին Հայաստանը 30,38 միավորով 79-րդ տեղում էր: 

Իր զբաղեցրած դիրքով մեր երկիրը տարածաշրջանային պետություններից զիջում է միայն 60-րդ տեղում գտնվող Վրաստանին: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա դրանք գտնվում են 157-րդ և, համապատասխանաբար, 166-րդ հորիզոնականներում: Տարածաշրջանում վատագույն ցուցանիշն արձանագրել է 170-րդ հորիզոնականում գտնվող Իրանը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 149-րդն է:

Վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակն ունի հետևյալ պատկերը՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեյցարիա, Նոր Զելանդիա, Ճամայկա, Բելգիա, Կոստա Ռիկա:

Վատագույն տասնյակում են ներառվել Լաոսը, Սաուդյան Արաբիան, Ջիբութին, Սիրիան, Սուդանը, Վիետնամը, Չինաստանը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը:

Նշվում է, որ տարբեր երկրներում մամուլի ազատության ցուցիչը որոշելու համար փորձագետներն օգտվում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ստեղծած հարցաշարից: Հարցաշարում ներառված է 87 հարց, որոնց պատասխանում են տարբեր երկրների մեդիա ոլորտի պրոֆեսիոնալները, փաստաբաններն ու սոցիոլոգները:

Այնուհետև որակական վերլուծությունը համադրվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տարբեր երկրներում լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ քանակական տվյալների հետ:

Մասնագետները երկրները դասակարգելիս հաշվի են առնում պլյուրալիզմի, մեդիա անկախության, մեդիա մթնոլորտի, ինքնագրաքննության, օրենսդիր կառուցվածքի, թափանցիկության, նորությունների և տեղեկատվության ստեղծմանն աջակցող ենթակառուցվածքի որակի գործոնները:

Երկրները գնահատվում են 0-100 բալային համակարգով: Լավագույն ցուցանիշը 0-ն է, վատագույնը՝ 100-ը:

Մամուլի ազատության առումով երկիրը համարվում է լավ վիճակում, եթե հավաքել է 0-15 միավոր: 15,01-25 միավորը համարվում է բավարար, 25,01-35 միավորը՝ խնդրահարույց, 35,01-55 միավորը՝ բարդ, իսկ 55,01-100 միավորը՝ շատ լուրջ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ու Վրաստանը հավաքել են 28,98, Թուրքիան՝ 52,81, Ադրբեջանը՝ 59,13, Իրանը՝ 64,41 միավոր: