Այս կերպ և այս մոտիվացիայով կառավարության կառուցվածքը նվազագույնը անհասկանալի է և անընդունելի


14:06 , 18 ապրիլ, 2019

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները շատ բուռն դիսկուրս առաջացրին ԱԺ-ում։ Ցավոք, ես անձամբ ներկա չեղա, քանի որ գտնվում եմ գործուղման մեջ, սակայն, միանշանակ, կիսում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերների դիրքորոշումն առ այն, որ այս կերպ և այս մոտիվացիայով կառավարության կառուցվածքը նվազագույնը անհասկանալի է և անընդունելի։

Իրականում դատենք սթափ. երբ մեզ ասում են, որ կառավարության օպտիմալացման արդյունքում կխնայվեն պետական գումարներ, մենք հարցնում ենք` որքա՞ն... Պատասխան չկա։ Երբ մեզ ասում են, որ օպտիմիզացիայի արդյունքում կբարձրանա կառավարման բուրգի արդյունավետությունը, մենք հարցնում ենք` ինչպե՞ս և որքանո՞վ... Պատասխան չկա։ Ինչպե՞ս են գործելու սփյուռքի, գյուղատնտեսության, մշակույթի նոր ենթակառույցները... Պատասխան չկա։ Երբ մեզ ասում են, որ օպտիմիզացիայի արդյունքում կրճատումները կլինեն «մեղմ», մենք հարցնում ենք` քանի՞ քաղաքացի է դառնալու գործազուրկ, և ինչպե՞ս եք այդ մարդկանց սատարելու որպես պետություն... Պատասխան չկա։ Եվ համարյա բոլոր հարցերին, որոնք հուզում են հասարակությանը, այսպիսի պատասխաններ։

Հետևություններն ակնհայտ են։