Մահացել է «Ռոուզների պատերազմը» վեպի հեղինակ Ուորեն Ադլերը. Variety


04:30 , 18 ապրիլ, 2019

168.am-ըգրում է.

Կյանքի 92-րդ տարում մահացել է ամերիկացի գրող, բանաստեղծ եւ դրամատուրգ Ուորեն Ադլերը: Մահը վրա է հասել լյարդի քաղցկեղից առաջացած բարդացումներից: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել է Variety հանդեսը։

Ադլերը ծնվել է Բրուքլինում: Նյու Յորքի համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է ժուռնալիստիկայով, աշխատել է New York Daily News եւ Queens Post թերթերում, Կորեական պատերազմի (1950 – 1953) ժամանակ եղել Է զինվորական թղթակից: Ավելի ուշ զբաղվել է գործարարությամբ, դարձել է չորս հեռուստաալիքների եւ մեկ ռադիոկայանի սեփականատեր, ինչպես նաեւ բացել է ընկերություն, որն զբաղվել է գովազդով եւ հասարակայնության հետ կապերով:

Ադլերի գրողի կարիերան սկսվել է 1974 թականին նրա Undertow («Խորքային հոսանք») վեպի լույս տեսնելուց հետո: Ինչպես նշում է Variety-ն, Ադլերի 50 վեպերից առավել հռչակ է ձեռք բերել The War of the Roses-ը («Ռոուզների պատերազմը», 1981)՝ Ջոնաթան եւ Բարբարա Ռոուզ ամուսինների ապահարզանի պատմությունը: 1989 թվականին ստեղծագործության մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Մայքլ Դուգլասը, Քեթլին Թյոռները եւ Դենի դե Վիտոն, որը նաեւ դարձել է կինոժապավենի ռեժիսորը:

Էկրանավորվել են նաեւ Ադլերի մի շարք այլ ստեղծագործություններ: Այսպես, Random Hearts (1984) վեպը 1999 թվականին դրվել է Սիդնի Փոլակի «Ստի սարդոստայնը» ֆիլմի հիմքում, իսկ The Sunset Gang (1977) վեպի մոտիվներով նկարահանվել է American Playhouse («Ամերիկյան թատրոն») հեռուստասերիալը: Ադլերի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա ապրիլի 18-ին Վիրջինիայի նահանգի Ֆոլս Չերչ քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: