Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչը Ստամբուլի քաղաքապետ հայտարարվեց


01:45 , 18 ապրիլ, 2019

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից ավելի քան երկու շաբաթ անց Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը երկրի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին ապրիլի 17-ին, Արդարադատության պալատում, Ստամբուլի քաղաքապետ ճանաչելու հավաստագիր է հանձնել։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Մարտի 31-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։ Նա ստացել է քվեների 48.79%-ը` առաջ անցնելով «Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակցից` նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդիրիմից, որը 48.52% քվե է ստացել։ Յըլդիրիմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից է։

Այնուամենայնիվ, Էքրեմ Իմամօղլուի մանդատը դեռևս կարող են ետ վերցնել, եթե Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը բավարարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկին ընտրություններ անցկացնելու միջնորդությունը:

Նշենք, որ չնայած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր Թուրքիայում անցկացված ընտրություններում, այդուհանդերձ պարտվել էր երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում։