Հիշողության կայուն կորուստը քաղաքական կատեգորիա չէ և չի արդարացնում քաղաքական գործչի թուլակամությունն ու անսկզբունքայնությունը


02:49 , 18 ապրիլ, 2019

Քաղաքական գործիչը պատեհապաշտից տարբերվում է իր սկզբունքայնությամբ, հռչակած գաղափարներին և արժեքներին հավատարիմ մնալու կարողությամբ և ուժով։

Այստեղ է հատվում քաղաքականության ու բարոյականության նուրբ սահմանը, որի խախտման դեպքում քաղաքականությունը սկսում է որակվել որպես անբարոյականություն։

Եթե քաղաքական գործիչն, ընդդիմադիր լինելով, քննադատում ու սխալ է որակում ինչ-որ իրողություն, ապա նրա համար դա պետք է մնա սխալ՝ անկախ իր հետագա կարգավիճակից։

Եթե ինչ-որ երևույթ հռչակվում է հակաժողովրդավարական, ապա դա մնում է այդպիսին ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում և ապագայում։

Ցանկացած քաղաքական գործիչ մինչ ինչ-որ հարցի վերաբերյալ դիրքորոշում հնչեցնելը պետք է գիտակցի, որ այդ դիրքորոշման համար վաղ թե ուշ կանչվելու է պատասխանատվության և ստիպված է լինելու դրանք կիրառել արդեն այլ իրավիճակում։

Հիշողության կայուն կորուստը քաղաքական կատեգորիա չէ և չի արդարացնում քաղաքական գործչի թուլակամությունն ու անսկզբունքայնությունը՝ վերածելով քաղաքականությունը պատեհապաշտության ու անբարոյականության։