Կենդանիների մեծ մասին չեն ցուցադրում. ժամանակակից կենդանաբանական այգիների գլխավոր խնդիրները


21:00 , 17 ապրիլ, 2019

Շատերս սիրում ենք այցելել կենդանաբանական այգիներ՝ կենդանիներին տեսնելու և նրանց հետաքրքիր վարքագիծն ուսումնասիրելու, սակայն կենդանաբանական այգում աշխատելը, փաստորեն, բավականին բարդ է: Կենդանիներին և՛ երջանիկ, և՛ առողջ պահելու համար հարկավոր են ժամանակային մեծ ռեսուրս, կոորդինացիա, ֆինանսներ և կամքի ուժ: Ահա թե ինչպիսի խնդիրներ ունեն ժամանակակից կենդանաբանական այգիները:

Պանդաները ոչ թե պարզապես թանկ, այլ չափազանց թանկ են

Շատ մարդկանց ուշադրությունը դեպի կենդանաբանական այգի հրավիրելու համար բավական է այնտեղ բերել մեկ կամ երկու պանդայի, սակայն իրականում դրանց ձեռքբերումը կապված է մեծ գումարների հետ: Ամեն օր պանդաները կարիք ունեն 40 կգ բամբուկով սնվելու: Այն կենդանաբանական այգիները, որտեղ կլիմայական հատուկ պայմաններ չկան բամբուկ աճեցնելու համար, պարզապես կսնանկանան հայտնի կենդանիներին կերակրելիս: Օրինակ՝ Տորոնտո քաղաքի կենդանաբանական այգին երկու պանդայի համար բամբուկ գնելու համար ամեն տարի ծախսում է 500 հազար կանադական դոլար՝ ապրանքը ներմուծելով ԱՄՆ-ի հարավից: Նույնքան գումար է ծախսվում մնացած բոլոր կենդանիների սննդի համար՝ միասին վերցված:

Տորոնտոյի կենդանաբանական այգում նախորդ տարի երկու փոքրիկ պանդաներ են ծնվել, և այն այցելությունների ռեկորդային թիվ է սահմանել աշխարհում: Սակայն պանդաների կերակրման խնդիրն այսբերգի միայն գագաթն է: Բանն այն է, որ աշխարհում պանդաների մոնոպոլիան պատկանում է Չինաստանի իշխանություններին: Աստղային կենդանիներին հնարավոր է վարձակալել ՉԺՀ-ից՝ չինացիներին աստղաբաշխական գումարներ վճարելով: Օրինակ՝ Էդինբուրգի կենդանաբանական այգին երկու պանդայի համար յուրաքանչյուր տարի վճարում է 600 հազար բրիտանական ֆունտ: Իսկ եթե պանդաներից մեկին որևէ բան պատահի, ապա այգին պարտավորվում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարել:

Կենդանաբանական այգիներում կենդանիների մեծ մասին չեն ցուցադրում

Յուրաքանչյուր այցելության ժամանակ այցելուները տեսնում են բազմաթիվ կենդանիների, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ վանդակները դատարկ են լինում, և դա նշանակում է, որ կենդանիները գնացել են «շրջագայության» այլ կենդանաբանական այգիներ կամ այլ վայրեր: Դատարկ վանդակների քանակը պակասեցնելու համար կենդանաբանական այգիները հաճախ նույն կենդանուց ձեռք են բերում մի քանի հատ, որպեսզի բացակայության դեպքում հնարավոր լինի փոխարինել դրանց: «Լրացուցիչ» ձկները, թռչուններն ու կրծողները կենդանաբանական այգիներում հիմնականում շատ են լինում: Դրանք ևս օգտագործվում են եկամուտ ստանալու համար, օրինակ՝ վարձակալության են հանձնվում հարուստ մարդկանց ծննդյան տոների ժամանակ կամ նկարահանվում են ֆիլմերում:

Այցելուներից գրեթե միշտ հեռու են պահում նորածին կենդանիներին, որոնց տեսնում ու խնամում են միայն աշխատակիցները: Հաճախ այս փոքրիկ կենդանիներին վաճառում են այլ կենդանաբանական այգիների:

Մեկ կենդանու տեղափոխումը մի կենդանաբանական այգուց մյուսը պահանջում է քաշով կամ ծավալով ավելի շատ թուղթ, քան կշռում է հենց կենդանին

Կենդանաբանական այգում կենդանիներին նայելիս գրեթե անհնար է կռահելը, թե որտեղից են նրանք բերվել՝ արևադարձային երկրների փողոցների՞ց, թե՞ աշխարհի այլ անկյուններից: Յուրաքանչյուր դեպքում նոր վայրում կենդանիները հայտնվում են մեկ կամ երկու ամսում և բերվում են չափազանց զգուշությամբ՝ մեծ ռեսուրսներ օգտագործելով: Իսկ մինչև ցուցադրվելը նրանք պահվում են կենդանաբանական այգիների տարածքներում գտնվող անասնաբուժական հաստատություններում: