Միջնորդները պետք է ջանքեր գործադրեն առաջին հերթին Ադրբեջանի վարքագծի փոփոխության ուղղությամբ


13:29 , 17 ապրիլ, 2019

Նախօրեին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին են միացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Դատելով հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության տեքստից՝ Մոսկվայում կողմերի քննարկման հիմնական առարկան վերաբերել է Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, և որոշվել է դրանք դետալայնացնել՝ նախանշելով, թե ինչ քայլեր են կատարվելու մասնավորապես մարդկանց միջև շփումների հաստատման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերի կազմակերպման ուղղությամբ:

Այսպիսով՝ ռուսական կողմի հիմնական միջնորդության ներքո փորձ է կատարվել քայլեր նախապատրաստել այն ուղղություններով, որոնցով հնարավոր է ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, սակայն դա չի նշանակում, որ դրանով լուրջ բեկում կարող է տեղի ունենալ հակամարտության գոտում խաղաղության պահպանման ուղղությամբ:

Թերևս Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում տեսանելի առաջընթաց կարձանագրվի այն դեպքում, երբ Ադրբեջանը դադարեցնի օրեցօր սաստկացող հակահայկական քարոզչությունն ու պատերազմի պատրաստվելու հռետորաբանությունը՝ անցնելով կառուցողական դաշտ: Դրա համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը միջնորդների առջև հստակ խնդիր դնի, որ ջանքեր գործադրեն առաջին հերթին Ադրբեջանի վարքագծի փոփոխության ուղղությամբ: