Մի քանի դիտարկում. ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ


10:40 , 17 ապրիլ, 2019

2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել եւ հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։

2016 թվականին, որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար, օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։ Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլ իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսուս, քանի որ նախագիծը ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։ ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունն այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։ Այդ պատճառով «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։ 

Միեւնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝

• Հորդորեք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարներին եւ սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո՛, կոռուպցիան իսպառ «վերացել է)
• Մյուս տեղակալին հորդորեք, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք հաստատ։
• Նույն տեղակալին հորդորեք, որ տնտեսվարողներին չկանչի իր մոտ ու, մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը։
• Հիշեցում․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։ Եվ ուրեմն՝ մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք, օրինական չէ։

Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետեւողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք: