12:31 , 19 հունիս, 2013
Առաջին հայացքից կարող է զավեշտալի թվալ, բայց իրականում գործ ունենք օրինաչափության հետ. միակ հայկական պետական գոյացությունը, որն իրոք կարող է հավակնել անկախ կոչվելուն, դա ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եվ սրանք միայն բառեր չեն, իսկ Արցախի անկախությունը արտահայտվում է ոչ միայն սիմվոլիկ ատրիբուտներով, այլ առաջին հերթին Արցախի ժողովրդի վերաբերմունքով առ պետություն և առ իրենց յուրաքանչյուրի դերը դրանում: Մի քիչ դժվար է բառերով նկարագրել այն, ինչ նյութական արտահայտում չունի, բերեմ միայն մի քանի հատկանիշներ, որոնք ես տեսել եմ Արցախում ու չեմ տեսնում Հայաստան Հանրապետությունում.
- Արցախում երբեք չես լսի «Էս երկիրը երկիր չի»:
- Արցախում հիանալի հասկանում են, որ Արցախը առանձին մոլորակ չէ, ու կա մեծ աշխարհ՝ իր կանոններով, բայց Արցախում նաև հասկանում են, որ եթե կանոնները սրտովդ չեն, կարելի է դրանց դեմ ընդվզել ու հաղթել:
- Արցախում մաքուր է:
- Արցախում հարուստը չի գնում Իսպանիայում վիլլա առնում, այլ իր գյուղում է ինչ-որ ներդրումներ անում:
- Արցախում պետական պաշտոնյա լինի, թե մեծահարուստ թիկնազորով չի շրջում:
- Արցախում զինվորականին ոչ ոք ռիսկ չի անի ծեծի/սպանի:
- Արցախում որ ասում ես` փոխզիջումներ են պետք, սենց զարմացած նայում են վրեդ, ոնց որ գիժ լինես: Միևնույն ժամանակ էդ նայողների 99 տոկոսը իրոք զենքը ձեռքին կպայքարի ամեն թիզ հողի համար, ոչ թե դիվանի վրա պառկած կամ Ֆեյսբուքի իր էջում կգովաբանի հայի անպարտելի գենը:
- Արցախում գրանտակերներ չկան:
- Արցախում օրակարգում էլ չէ, մարդկանց մտքերում չկա էլ եվրոինտեգրվե՞լ, թե՞ չէ, եվրասիականանա՞լ, թե՞ չէ. մարդիկ ուղղակի ուզում են ապրել խաղաղության մեջ:
- Արցախում լավ գիտեն, որ իրենց երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու թերություններ, բայց մարդիկ սիրում են իրենց երկիրը՝ թերություններով հանդերձ ու հնարավորությունների սահմանում փորձում են նպաստել դրանց լուծմանը:
- Բանակում արցախցի տղերքը միշտ իրար թևութիկունք են, իրար չեն գցում ու անգամ իրենցից ամենաթույլին սատարում են:
- Արցախում ընդունված երևույթ է, որ հատուկ դիմում գրեն, որ իրենց տղաներին 17 տարեկանից թույլ տան` ծառայի, և Արցախում ես չեմ տեսել ինչ-որ պաշտոնյայի կամ զինվորականի, ով որդին փողով ազատ լիներ:
- Արցախում մեծագույն վիրավորանք է համարվում, եթե մեկին մեղադրում են, որ կռվի դեպքում նա կթողնի ու կփախնի:
Երկու երկիր, մի ժողովուրդ, բայց էսքա՞ն էլ տարբեր: Էն, ինչ երբեմն անեկդոտի տեսքով են ասում, երբեմն չարությամբ, ինձ մեկ-մեկ ակտուալ է թվում. ոչ թե ԼՂՀ-ն պետք է մտնի ՀՀ-ի կազմի մեջ, այլ ՀՀ-ն՝ ԼՂՀ-ի: