Նույնիսկ եթե պատգամավորը զանգի ինձ, կալանավորին տեսակցելու լիազորությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է. Ա. Զեյնալյանը՝ Գ. Պետրոսյանին


07:30 , 17 ապրիլ, 2019

Operativ.am-ը գրում է․

Խոսքն այն դեպքերի մասին է, երբ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելված է՝ քրեական վարույթն իրականացնաող մարմնի որոշմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այսօրվա ելույթին՝ կապված ՔԿՀ այցերի հետ:

Արտակ Զեյնալյանը գրել է.

«Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մի դիտարկում արեց, որ թեև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունի նաև Ազգային ժողովի պատգամավորը, սակայն ՔԿՀ այցելելու ժամանակ աշխատակիցն ասում է «նախարարին հարցրու՝ նոր թողնեմ»:

Ենթադրում եմ, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելված է՝ քրեական վարույթն իրականացնաող մարմնի որոշմամբ:

Այս դեպքում, եթե նույնիսկ պատկերացնենք, որ պատգամավորը կարող է զանգել ինձ՝ տվյալ կալանավորված անձին տեսակցելու արգելքը հանելու կամ նրան տեսակցելու համար, ապա պետք է հիասթափեցնեմ, որովհետև ինչպես վերևում նշեցի, այդ լիազորությունն ու որոշումը քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է և ոչ արդարադատության նախարարի:

Այս թեմայի վերաբերյալ ևս մի քանի դիտարկում՝

1) ազատությունից զրկելու վայրեր Մուտքի և ելքի իրավունքը և կալանավորված անձին տեսակցելու իրավունքը բովանդակային առումով նույնը չեն,

2) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ,

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշումը չի զրկում պատգամավորին նշված վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունքից.

4) այն դեպքում, երբ առկա չէ նման որոշում, ապա պատգամավորն օրենքով սահմանված կարգով իրավասու է տեսակցել կալանավորված անձի հետ:

Հ.Գ. ՔԿՀ աշխատակցի ուղղորդումը սխալ է»:

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը մասնավորապես ասել էր. «Որպես պատգամավոր գնում ես ՔԿ, որ դատապարտյալի տեսնես, իսկ պատգամավորն այն անձն է, որ իրավունք ունի, ասում են՝ նախարարին հարցրու, նոր թողնեմ: Նախարարն ո՞վ է, որ պատգամավորը գնա, իրենից հարցնի, որ նոր մտնի կալանավորված անձին տեսնի: Սա՞ է խորհրդարանական վերահսկողությունը: Բազմաթիվ քայլեր կան, որոնք պատգամավորի համար երաշխավորված են, բայց ապահովված չեն, խոսքը սրա մասին է: Նկատի ունեցեք խնդրի լրջությունը»: