Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների հստակեցման նոր փուլ


02:49 , 17 ապրիլ, 2019

2018 թվականի ամռանը թուրք-ամերիկյան հրաբերություններում ճգնաժամը սկսեց նոր թափ հավաքել: Կարծես թե 2018-ի ամռանը այդ ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, երբ ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնին Թուրքիայում ձերբակալեցին: Անկարայի և Վաշինգտոնի միջև սկսվեցին դիվանագիտական կրակոցներ, այնուհետև՝ սպառնալիքներ: Վերջիվերջո Անկարան որոշեց ազատ արաձակել ամերիկացի հոգևորականին, որը պարզապես հարաբերությունների ժամանակավոր կայունացում էր ենթադրում իրենից և ոչ դեպի դրական դինամիկայով զարգացում: 

Երկուստեք հարաբերությունները մնում են անընդհատ լարված վիճակում, քանի որ երկու կողմերը չեն կարողանում ազատվել այնպիսի զգայուն հարցերից, որոնք շարունակում են վատթարացնել հարաբերությունները և նոր մարտահրավերի դեմ կանգնեցնում: 

Սիրիայի վերաբերյալ տարաձայնությունները շարունակվում են՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից դուրս գալու որոշմանը: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը թուրքական բանակին անցնի, ինչը մերժվում է: ԱՄՆ-ի զինվորների պատրաստակամությունը՝ շարունակելու Սիրիայում քրդական ուժերին աջակցելը, որոնց Թուրքիան համարում է PKK-ի սիրիական թև և ահաբեկչական կառույցներ, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների առանցքային վատթարացման պատճառներից մեկն է: 
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլա Գյուլենի արտահանձնման հարցը, որը մեղադրվում է Թուրքիայում 2016 թ. ձախողված հեղաշրջման փորձի մեջ, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության աշխատակիցների շարունակական ձերբակալությունները Թուրքիայում շարունակում են մնալ որպես մշտական պատճառ վատ հարաբերությունների համար: Այս ամենին եկավ լրացնելու վերջերս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված նոր օրինագիծը, որով խստացվում է այն հանցագործությունների պատիժները, որոնց մեջ ներգրավված են բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ:

Չնայած այն բանին, որ անցած տարի ամռանը թուրք-ամերիկյան հարաբերություններում փոթորիկ էր, բայց այս տարի ամռանը ես ավելի մեծ փոթորիկ եմ սպասում այս հարաբերություններում և այդ փոթորիկի անունը պայմանական կդնեմ «S-400»: ԱՄՆ-ն արդեն սկսել է սպառնալ, նույնիսկ անցել է գործնական քայլերի՝ կասեցնելու F-35-ի մատակարարումը և լրացուցիչ պատժամիջոցների կիրառում, եթե Թուրքիան շարունակի ռուսական S-400-ի գնման գործընթացը:

Բացի այս քաղաքական խնդիրների ընդհանուր բացասական հետեւանքներից՝ Թուրքիայում տիրող տնտեսական իրավիճակի վրա է ազդցություն թողնում ԱՄՆ-ն: Անցած տարի ԱՄՆ-ն բարձրացրեց պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ դրանով փորձելով ազդել Թուրքիայի վրա, քանի որ Անկարան ձերբակալել էր ամերիկացի հոգևորականին: Չնայած հետո ազատ արձակվեց հոգևորականը, բայց, միևնույն է, մաքսատուրքերը մնացին անփոփոխ և, ըստ էության, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները չհանվեցին Թուրքիայի վրայից: Միևնույն ժամանակ Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ժամկետը պետք է ավարտվի այս մայիսին, և Անկարային ուղղված պատժամիջոցների երկարաձգման դիմումները մինչ օրս մերժվել են:

Այս բավականին բուռն վիճակում Ամերիկայի թուրքական խորհուրդը և թուրքական միացյալ բիզնես խորհուրդը կազմակերպել են համատեղ ամենամյա կոնֆերանս: Ապրիլի 15-ից Վաշինգտոնում սկսված գործարար կոնֆերանսը թուրքական շրջանում համարում են երկխոսության ուղիները բացելու լավ հնարավորություն: Այդ առումով համաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն են հասել Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերիաթ Ալբայրակը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալինը, ովքեր հույս ունեն հանդիպելու նաև ամերիկացի իրենց գործընկերներին:

Թերևս առաջին անգամն է, որ կոնֆերանսին մասնակցելու են նման բարձր պաշտոնական մակարդակով, հատկապես թուրքական կողմից, մինչդեռ ամերիկյան կողմի քաղաքական մակարդակում դրսևորած հետաքրքրությունը դեռևս ցածր է նախորդ տարիների համեմատությամբ: 

Կոնֆերանսի առաջին օրը ԱՄՆ-ի կողմից հիմնական զեկուցողներն էին ԱՄՆ-ի Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրը և Ջոինդ Չիեֆը, աշխատակազմի ղեկավար Ժոզեֆ Ջոնֆորդը:

ԱՄՆ առևտրի պալատի նախագահ Թոմ Դոնահյուն վերահաստատել է պալատի «աջակցությունը առողջ առևտրի և տնտեսական համագործակցության համար» Թուրքիայի հետ, սակայն, ինչպես հայտնի է, առևտրի պալատը չի որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, և վերջապես, այս պալատը ենթարկվում է բոլոր այն պատժամիջոցների կիրառմանը, որոնք իրականացնում է ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը: 

Առևտրի պալատի ղեկավարի զեկույցում նաև կային մի քանի շեշտադրումներ, որոնք հույս չեն արթնացնում Թուրքիայի համար: Նա մասնավորապես կոչ արեց Թուրքիային, որ Անկարան հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ, քանի որ գործարարները գտնում են, որ անկանխատեսելի է Անկարան, ներդրողները ուսումնասիրում և հրաժարվում են ներդրումներից և այլն: 

Ես ուշի-ուշով հետևում եմ այս կոնֆերանսին, սպասում եմ թուրք գործարար համայնքի ազդեցության ուժեղացում Անկարայի վրա։