ԱՄՆ-ում 17,4 մլն մարդ է դիտել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան


01:15 , 17 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, դիտել է մոտավորապես 17,4 մլն ամերիկացի հանդիսատես: Ինչպես ապրիլի 15-ին հայտնել է Reuters գործակալությունը, վկայակոչելով HBO հեռուստաալիքը, այս ցուցանիշը ռեկորդային է ֆենթեզի ժանրում միջնադարի մասին պատմող սերիալների համար։

Բացի այդ, վերջին եթերաշրջանի պրեմիերային ցուցադրությունը սոցցանցերում ամենից ավելի հիշատակվողներից է դարձել շոուի ողջ պատմության ընթացքում. դրան էր նվիրված հանգստյան օրերին Twitter-ում հրապարակված 5 միլիոնից ավելի հրապարակում: Nielsen հետազոտական ծառայության տվյալներով, «Գահերի խաղի» նախորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան 2017 թվականին 16,5 մլն հանդիսատես է դիտել HBO-ով եւ հոսքային ռեժիմով: Ապրիլի 14-ին HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղը» սերիալի ավարտական եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը: Ութերորդ եթերաշրջանը բաղկացած է վեց էպիզոդից:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել; Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին:

Այս կինոսագան ամենաթանկարժեք նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ութերորդ եթերաշրջանը HBO-ի վրա նստել է ավելի քան 90 միլիոն դոլար գումար: Ինչպես պարզել է Variety հանդեսը, 2017 թվականին առավել կարեւոր հինգ դերակատարները՝ Փիթեր Դինքլեյջը, Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն, Լինա Հիդին, Էմիլյա Քլարքը եւ Քիտ Հարինգթոնը, 500-հազարական դոլար են ստացել յուրաքանչյուր սերիայի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: