4 ապացույց, որ Փարիզի Աստվածամոր տաճարը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ մարդկության համար


02:10 , 17 ապրիլ, 2019

Ապրիլի 15-ի երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի ամենահավանական պատճառը համարվում է վերականգնող շինարարների անուշադրությունը։ Կրակի պատճառով շինության տանիքը և գմբեթն ամբողջությամբ ավիրվել են, հրշեջները վախենում էին, որ հրդեհը մարել հնարավոր չի լինի, իսկ Նոտր Դամի ներկայացուցիչը հայտարարել էր, որ տաճարից ոչինչ չի մնա։ Փարիզի բնակիչները ողջ գիշեր ծնկաչոք աղոթում էին, որպեսզի կրակը կանգ առնի։

Այսօր մենք ձեզ կպատմենք Աստվածամոր տաճարի մասին և կբացատրենք, թե ինչու է այն այդքան կարևոր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ մարդկության պատմության և մշակույթի համար։

Պատմական կրոնական հուշարձան

Այն հողը, որի վրա կառուցվել է տաճարը, դարեր շարունակ սուրբ է համարվել․ Հռոմեական կայսրության ժամանակ այստեղ է գտնվել Յուպիտերի տաճարը, իսկ քրիստոնեական ժամանակաշրջանում՝ Սուրբ Ստեֆանի եկեղեցին, որին հետագայում փոխարինեց Աստվածամոր տաճարը։

Տաճարը կառուցելու համար պահանջվել է 2 դար։ 1163 թվականին Լյուդովիկոս VII-ը դրեց առաջին քարը, իսկ Փարիզը պատրաստի շինությունը տեսավ միայն 1345 թվականին։ Այստեղ մկրտել, ամուսնացրել և թագադրել են մի շարք արքաների, միլիոնավոր քրիստոնյաների։ Դարեր շարունակ Նոտր Դամը եղել է Ֆրանսիայի հոգևոր, մշակութային և քաղաքական կենտրոնը։ 2013 թվականին այն տոնեց իր 850-ամյակը։

Յուրահատուկ ճարտարապետություն

Լյուդովիկոս արքան ցանկանում էր, որ Փարիզի ողջ բնակչությունը տեղավորվի շինության մեջ։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը հասնում էր 10 հազարի, և այդքան մարդ էլ այսօր տաճարը կարող է տեղավորել իր մեջ։ Այն բաժանված է նավերի՝ ներքին ձգված տարածությունների։ Նոտր Դամի ամենամեծ նավում կարող է տեղավորվել 12-հարկանի շենք։

Շինության ամենագլխավոր արժեքներից մեկը ճակատն է։ Արձանները մանրամասն նկարագրում են քրիստոնեության պատմությունը՝ սկսած մեղսագործությունից, վերջացրած Ահեղ դատաստանով։ Միջին դարերում համարվում էր, որ կարդալ չիմացող մարդիկ Աստվածաշունչը կարող են ուսումնասիրել  նրանց միջոցով։ Ոչ պակաս կարևոր են նաև քիմեռները և գարգուլյաները։ Փիլիսոփաները և գիտնականները նրանց միջոցով փորձում էին հասկանալ օկուլտիզմի գաղտնիքները։ Իսկ ժամանակակից մշակույթի համար տաճարը ռոմանական և գոթական ճարտարապետական ոճերի կատարյալ նմուշ է։ Այն տարեկան ունենում է 14 միլիոն այցելու։

Հին մասունքների պահոց

Նոտր Դամի գանձարանի ամենագլխավոր արժեքներից մեկը Հիսուս Քրիստոսի փշե պսակն է։ Լյուդովիկոս IX-ը այն գնել էր բյուզանդական կայսրից, իսկ այնուհետև նվիրել տաճարին։ Բարեբախտաբար, այն գտնվել է շինության այն հատվածում, որը հրդեհից չի տուժել։

Բացի այդ՝ հրդեհից առաջ վերանորոգման համար տանիքից հեռացվել էին մի քանի արձան և 12 առաքյալների քանդակները։ Սակայն միջին դարերի և նոր ժամանակների մի շարք յուրահատուկ բնանկարներ և քանդակներ այդպես էլ մնացին տաճարում։

Տաճարն արդեն իսկ գտնվում էր քանդվելու շեմին

Իր գոյության ընթացքում Աստվածամոր տաճարը մի քանի անգամ ենթարկվել է վտանգների։ Այն զգալիորեն վնասվել է հատկապես Ֆրանսիական հեղափոխության տարիներին․ այն ժամանակ ամբոխը ներխուժել է տաճար, գլխատել արքաների մի քանի արձաններ, թալանել գանձարանը, ավիրել մասունքների մի մասը և գմբեթը։ Հեղափոխականները ցանկանում էին պայթեցնել տաճարը, սակայն, բարեբախտաբար, տաճարը գրավելու ժամանակ պայթուցիկն արդեն ավարտվել էր։