Բրիտանուհին չի իմացել իր հղիության մասին և պատահաբար ծննդաբերել է լոգարանում


20:00 , 16 ապրիլ, 2019

Լոնդոնում բնակվող 24-ամյա մատուցողուհի Շարլոտա Դյուբարդը չի իմացել իր հղիության մասին, մինչև որ հանկարծակի ծննդաբերել է լոգարանում, գրում է Daily Mail-ը:

Աղջիկը պատմել է, որ դաշտանային ցիկլը չի խախտվել, քաշը գրեթե չի ավելացել, ուստի նա չի էլ կասկածել, որ հղի է և ինը ամսվա ընթացքում մշտապես հակաբեղմնավորիչներ է ընդունել, ծխել է, ալկոհոլ օգտագործել և հաճախել աշխատանքի:

Երբ սկսել են ծննդաբերական ցավերը, նա չի հասկացել, թե ինչ է կատարվում: Աղջիկն ինքն իրեն զննել է բջջային հեռախոսի տեսախցիկով և նկատել երեխայի գլուխը: Նա մտել է լոգարան և ծննդաբերել, որից հետո պորտալարը կտրել է եղունգների հարդարման փոքրիկ մկրատով:

Այնուհետև աղջիկը զանգահարել է ընկերոջը, որը չի հավատացել կատարվածին և որոշել է, որ նա երեխային գտել է փողոցում:

Բժիշկների հետազոտությունից հետո պարզվել է, որ երեխան լիովին առողջ է: Երեխայի սեռը նշված չէ: