Ինչպես է Ասանժն ապրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը (Video)


02:48 , 16 ապրիլ, 2019

Իսպանական El País պարբերականի կայքը հրապարակել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տեսահսկման խցիկների արձանագրած տեսաձայնագրությունները, որոնցում ցուցադրվում է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առօրյան:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը, որը Շվեդիա արտահանձնումից խուսափելու նպատակով յոթ տարի ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ապրիլի 10-ին ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից:

Կադրերում երևում է՝ ինչպես է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան սենյակներից մեկում սքեյթ վարում: Նաև երևում են մի խումբ մարդիկ, որոնք հյուր են եկել Ասանժին: Նրան այցելել են անգամ հանգստյան օրերին, ինչը կոնֆլիկտի է հանգեցրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ, գրում է lenta.ru-ն:

Ասանժի կենսակերպը խանգարել է դեսպանատան աշխատակիցների ամենօրյա աշխատանքին, այդ իսկ պատճառով նա աշխատել է գիշերները և քնել վաղ առավոտյան, որպեսզի չհանդիպի դեսպանատան աշխատակիցների հետ: Նա մեկուսացումը ծանր է տարել և սկսել է սքեյթ վարել, գնդակով խաղալ՝ իրեն ինչ-որ ձև զվարճացնելու համար:

Ավելի վաղ The Guardian պարբերականի հետ զրույցում Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտնել է, որ Ասանժը փորձել է դեսպանատան շենքը որպես լրտեսական կենտրոն օգտագործել:

Այժմ Ավստրալիայի քաղաքացի Ասանժը Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է: Նա Էկվադորի դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար: