Հերքվել է Հին Եգիպտոսի մասին հայտնի միֆը


06:10 , 16 ապրիլ, 2019

Կանադայի Ալբերտյան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 1970-ական թվականներին Մենդեսի նեկրոպոլում հայտնաբերված եգիպտուհու մնացորդները և եկել եզրակացության, որ նա տիրապետել է տղամարդու ավանդական մասնագիտության և պատրաստել է կենցաղային իրեր։ Ավելի վաղ համարվում էր, որ կանանց արգելվել են նման զբաղմուքները։

Հետազոտողները մանրադիտակի և միկրոգրաֆի օգնությամբ ուսումնասիրել են շուրջ 4 հազար տարի առաջ ապրած կնոջ ատամները և 24 ատամից 16-ի վրա հայտնաբերել են մաշվածություն։ Այսպիսի մաշվածությունը բնորոշ է եղել միայն արհեստավորներին, ովքեր ատամներով կծել են բուսական նյութերը։

Գիտնականները նշում են, որ եգիպտուհին պապիրուս է օգտագործել զամբյուղներ, տուփեր, վարագույրներ և գորգեր պատրաստելու համար։

Ավելի վաղ գիտնականները համոզված էին, որ Հին Եգիպտոսի կանայք կարող էին զբաղվել միայն 7 մասնագիտությամբ։ Նրանք կարող էին լինել քրմուհիներ՝ աստվածուհիների տաճարներում, երգչուհիներ, պարուհիներ, երաժիշտներ, լացողներ, ջուլհակներ և մանկաբարձներ։