Ում շահն էր իրականում հետապնդում «ուղարկված» երիտասարդը


16:08 , 15 ապրիլ, 2019

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ են անում, իսկ այդ ամենի պատճառն է հանդիսացել օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերջին պահին ձևափոխված Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն առաջին հայացքից պաշտպանող նախագիծը:

Նախագծով առաջարկվում է տեղական արտադրանքը խթանելու համար ներմուծվող ցեմենտի դեպքում կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ տուրք չի սահմանվում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում: Ինչո՞ւ, որովհետև օրենքն այս տեսքով ընդունվելու դեպքում տեղական արտադրողները կանգնելու են մեծ թվով աշխատակիցներ կրճատելու խնդրի առաջ:

Այս ամենի մասին հանգամանալից ներկայացրեց «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ով հստակ բացատրեց, որ կլինկերից ցեմենտ ստանալու ճանապարհն, էսպես ասած, 5 րոպե է, իսկ զրոյական արտադրանք տալու համար ճանապարհը երկար է, պետք են մեծ թվով աշխատակիցներ, գազի և էլեկտրաէներգիայի հսկայական ծախս:

Բայց սա չէ, որ իմ ուշադրությունը գրավեց, այլ Վահե անունով երիտասարդը, ով չթաքցրեց էլ, որ որևէ կապ չունի «Արարատցեմենտ»-ի գործարանի հետ: Վերջինս ներկայանում էր իբրև «մտահոգ» արարատցի, իսկ իրականում պաշտպանում էր կլինկեր ներմուծող ընկերությունների շահը, որը հստակ բացահայտվեց նրա և Սեդրակ Առուստամյանի զրույցի ընթացքում:

Ու հենց այս միտքն ինձ անհանգստացրեց, որ քիչ թե շատ սահուն բանավոր խոսքի տիրապետող սադրիչը կարող է աժիոտաժ առաջացնել՝ խոչընդոտելով արդյունավետ երկխոսությանը: Այն, որ հասարակ աշխատող քաղաքացին չպետք է տուժի, աներկբա է, սակայն գործարանի աշխատակիցները չպետք է տրվեն սադրանքներին և մանիպուլյացիաների չենթարկվեն: Պետք է գիտակցել, որ աշխատատեղերը չեն կրճատվում ղեկավարության կամայականության հետևանքով, խնդիրը բոլորովին այլ դաշտում է, և պետք է համատեղ լուծումներ փնտրել, այլ ոչ թե էսկալացնել իրավիճակը, ինչպես դա փորձում էր անել «ուղարկված» երիտասարդը: