«Ի՞նչ գին է վճարում Հայաստանը գազի դիմաց». Գագիկ Համբարյան


12:12 , 14 ապրիլ, 2019
2019 թ-ի հունվարի 1-ից ռուսաստանյան "Գազպրոմը" Հայաստանի համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից բարձրացրեց 165 դոլար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բնակչության համար գազի գինը կմնա անփոփոխ և այլ միջոցներից կկոմպենսացվի "Գազպրոմ-Արմենիայի" վնասը... Քանի որ գազի գնի թանկանալու դեպքում ձմռան ամիսներին հայ սպառողների համար գազամատակարարն այն չէր թանկացնում և գնի բարձրացումը գրեթե մշտապես տեղի էր ունենում ապրիլի 1-ին, ես ինքս էլ իմ վերլուծություններում նշում էի, որ այս անգամ ևս գազը հայաստանցի սպառողների համար կբարձրանա ապրիլի 1-ին... Սակայն իրականությունն այլ էր... Ապրիլի 1-ին գազի գինը չբարձրացավ, սակայն "Գազպրոմ-Արմենիայի" գրեթե բոլոր մարզային մասնաճյուղերի աշխատակիցները տագնապի մեջ են. ըստ տեղեկությունների` գազամատակարարի կենտրոնական գրասենյակից հրահանգ է իջել, որ 50 տոկոսով պետք է կրճատվի "Գազպրոմ-Արմենիայի" աշխատակիցների թիվը... Հայաստանի մասշտաբներով դա կլինի մոտ 3 հազար աշխատակից... Ստացվում է, որ գազի գինը 15 դոլարով չբարձրացնելու համար գազամատակարարը 3 հազար աշխատակցի գործազուրկ է դարձնում՝ այդպիսով փոխհատուցելով վնասը... 
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը... Մի քանի օր է այդ լուրերը բավականին ակտիվ շրջանառվում են ոչ միայն մամուլում, այլև բնակչության շրջանում, ինչպես նաև "Գազպրոմ-Արմենիայի" աշխատակիցների շրջանում, սակայն իշխանությունների կողմից որևէ արձագանքի չեն արժանացել... 
Հուսանք, իր ասելով, 50 հազար աշխատատեղ ստեղծած կամ ստվերից դուրս բերած պարոն վարչապետը, որի մեջբերած այդ թիվը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, կբացատրի թե իրականում 3000 մարդ ինչու՞ պետք է կորցնի իր իրական աշխատանքը... 
Հետաքրքիր է, պարոն Փաշինյանի նշված այդ 50 հազար աշխատատեղերից քանիսն է բաժին հասնում Շիրակի մարզին և որքան աշխատատեղ է փակվել Շիրակում և Գյումրիում նրա "քայլող" թիմի իշխանության գալուց հետո... 
Հ.Գ. Ստացվում է, որ Հայաստանը գազի գինը չբարձրացնելու համար վճարում է 3 հազար մարդու գործազրկության գնով...