Վերածննդի կտավների հերոսները տեղափոխվել են մեր օրեր. ինչպես ուկրաինացի նկարչուհի Ալլա Մինգալևան սկսեց անել իր հանրահայտ կոլաժները


16:00 , 13 ապրիլ, 2019

Ուկրաինացի նկարչուհի Ալլա Մինգալևայի կոլաժներում Վերածննդի դարաշրջանի  կտավների հերոսները տեղափոխվել են մեր օրեր: Նրանք քայլում են պոդիումներում, զվարճանում բառերում, աշխատում գրասենյակներում, ֆուտբոլ նայում, վարում ամենաթանկարժեք մեքենաները: Ալլայի աշխատանքները շատ արագ տարածվեցին համացանցում, ինչպես նաև տեղադրվեցին հեղինակավոր կայքերում՝ El Pais, The Indian Express, Milk, Playboy, Elle, The Bird in Flight, GirlBoss: BlogNews.am-ի հետ զրույցում նկարչուհին պատմել է, թե ինչպես սկսվեց ամեն ինչ:   

Ալլան անգլերեն լեզվի մասանագետ է, ունի արվեստագետի կրթություն, բայց կոլաժներ սարքելու հարցում ինքնուս է: Ծնվել է Ղրիմում, ասում է՝ հեղաշրջման տարիներին անհնար էր այնտեղ աշխատել, և տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ աշխատում էր մի ծրագրի վրա:

«Երևանում մնացի ոչ թե Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, այլ մարդկանց, բնության, միջավայրի: Սա պարզապես սեր էր առաջին հայացքից»,- պատմում է Ալլան։

Կոլաժներ սկսել է անել 2008 թվականից, միայն թե այլ թեմատիկայով. «Ես ինձ փորձել եմ տարբեր ոճերում: Մի քանի տարի առաջ նկարում էի ֆանտաստիկայի ժանրում, հիմա ավելի շատ կոլաժների շրջան է: Ավելի քան մեկ տարի դասական կոլաժներ եմ արել, որոնք անելիս ոգեշնչվել եմ կոլեգաներիցս, ինչպես նաև օֆիսային թեմատիկայով կոլաժներ: Իմ կոլեգաներից ոմանք աշխատանքային ծանր օրվանից հետո, շրջելով գրասենյակում, նման էին Վերածնունդի գեղանկարների հերոսներին: Ես մտածեցի, որ հրաշալի գաղափար կլիներ նրանց տեղերով փոխելը: Հենց այդպես ծնվեց առաջին կոլաժը»:

«Իմ կոլաժները հիմնականում կյանքից վերցրած ծիծաղելի իրավիճակներ են, բայց կան նաև առանձին հավաքածուներ: Ես դասական Վերածնունդի «տառապանքը» համադրեցի օֆիսային կյանքի հետ։ Նաև շարք ունեմ, որտեղ Հոլիվուդին ամուսնացնում եմ խորհրդային կինոմատոգրաֆիայի հետ»:   

Այն հարցին՝ ի՞նչ եք կարծում, եթե հերոսները տեսնեին Ձեր աշխատանքերը, ինչպե՞ս կարձագանքեին, Ալլան պատասխանում է․ «Կարծում եմ՝ կասեին նման մի բան․ «He coomei il faut (ինչպես հարկն է), մադամ Ալլա ջան»»:

Ալլան ասում է, որ ինքը չի ընտրում իր հերսներին՝ հակառակը նրանք են ընտրում Ալլային. «Հետաքրքիր դասական կերպարը ծնում է տարբեր սյուժեներ, տարբեր թեմատիկա: Տեսեք, օրինակ Միքելանջելոյի Ադամի ստեղծումը»:  

Կան մի քանի աշխատանքներ, որոնք կարելի է վերագրել հայկական մենթալիտետին, կենսակերպին՝ նշում է Ալլան, բայց նաև հավելում, որ դրանք սկզբում ստեծելիս հայերին նկատի չի ունեցել. «Այդ ամենը պատահական է ստացվել, բայց տիպիկ հայկական է»: 

Դրական արձագանքները Ալլայի աշխատանքի վերաբերյալ շատ են, բայց բացասական գրողներն էլ քիչ չեն. «Իրականում քննադատելու շատ բան չկա, այս աշխատանքները պարզապես մեմեր են, այլ ոչ թե բարձր արվեստ և երբ սկսում են գրել նման բաներ՝ իբր սրանք ռոկոկոյի ժամանակաշրջանի հերոսներ են, կամ նկարներում պիքսելները շատ են, ես պարզապես ծիծաղում եմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի